«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում բուժարաններ է դիմել 6927 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ից մեկնարկած «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 6927 կին, որից 4741-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաև, որ 35 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, ևս 1424-ը ստացիոնար բուժման, իսկ 64 կին արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 198 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 157-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Զեկուցվել է նաև, որ ծրագիրը համապատասխան հանձնաժողովի նիստում ներկայացնելուց հետո կներկայացվի նաև հանրությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և առաջարկություններ ներկայացնել առաջիկայում Անրի Վեռնոյի անունով անվանակոչված փողոցի հանդիսավոր բացումը պատշաճ կազմակերպելու համար:




Լրահոս