ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Երեւանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի 25 եւ 26 շենքերի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել. այդ մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ 16-րդ թաղամասի բնակիչներից: Նույն օրը նույն թաղամասի մեկ այլ փողոցում էլ կրակոցներ են հնչել: Արդյունքում, այդ երեկո տեւական ժամանակ 16-րդ թաղամասի փողոցները փակ են եղել:
«Ժողովուրդ»-ն այցելեց թաղամաս՝ պարզելու, թե ինչ է պատահել: Պարզեցինք, որ թաղամասի խանութի բանվորներից մեկը (մեր տեղեկություններով նրա անունը Արսեն է), որը թիվ 25 շենքի բնակիչ է, դուրս է եկել խանութից եւ մոտեցել տարածքում հավաքված տղաներին՝ պահանջելով լռել: «Ապե, խանութի դեմն եք կանգնած, մի քիչ կամաց խոսացեք: Իսկ հավաքվածներն էլ, որ հարբած էին երեւում, նրա տոնից զայրացան ու ասացին` կարող ա՞ ստեղ էլ չթողես կանգնենք: Տենց սկսվեց քաշքշուկը, հետո` ծեծկռտուքը»,- «Ժողովուրդ»-ին պատմեց բնակիչներից մեկը, որը, սակայն, չցանկացավ ներկայանալ: Միայն նկարագրեց, որ այդ «թեթեւ» խոսակցության պատճառով շուրջ երկու ժամ ողջ շենքերի բնակիչների մասնակցությամբ ռազբորկա է տեղի ունեցել: «Բոլորը խառնվել էին իրար: Կին, տղամարդ, մեր, հեր… Բանվորին պաշտպանող տղաներն էլ իրենց հերթին զանգեցին ընկերներին ու կանչեցին: Նրանք էլ եկան ու կռիվն ավելի թեժացավ: Բայց մոտ երկու ժամ հետո, երբ ոստիկանությունը եկավ, ամեն ինչ խաղաղվեց»,- տեղեկացրեցին 16-րդ թաղամասի բնակիչները: Պարզվում է, որ ոստիկանության ժամանումից հետո կռվի մասնակիցներից մի քանիսին հաջողվել է փախուստի դիմել: Իսկ մի քանիսն էլ ձերբակալվել են:
Սա առաջին դեպքը, իսկ երկրորդ ռազբորկան ավարտվել է կրակոցներով:
Արգիշտի փողոցի բնակիչ 21-ամյա Մկրտիչ Բարումյանը պատմել է, որ 23:00-ի սահմաններում 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անծանոթ անձը հարվածել է իր դեմքին: Նշենք, որ Մկրտիչ Բարումյանը ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության թիվ 1 ռազմականացված ջոկատում որպես հրաձիգ է աշխատում: Եւ որպես «իսկական հրաձիգ», դեմքին հարված ստանալուց անմիջապես հետո, հանել է գոտկատեղից կախված ատրճանակն ու օդ կրակել: Ավելի ուշ պարզվել է, որ այդ անծանոթ անձը Բաշինջաղյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Վահան Հարությունյանն է, ով, բնականաբար, արդեն փախուստի մեջ է: Այլ մանրամասների առայժմ չի հաղորդվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս