Վրաստանի Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ ԱԺ պատգամավոր ու Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին, գրում է վրացական «Грузия Онлайн»-ը:
Տեղացիները պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը սահմանափակվում է: Նշվում է, որ նրանց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է:
Բանն այն է, որ 2010 թ սեպտեմբերի 2-ից Տաբածղուրի լիճը երկրի էկոնոմիկայի նախարարության կողմից աճուրդով վաճառվել է 1832 լարիով: Աճուրդին մասնակցել է միայն մեկ ընկերություն` «Օզերո» ԲԲԸ-ն, որի 90% պատկանում է հենց Վարդան Այվազյանին:
Էկոնոմիկայի նախարարությունը լիճը 20 տարով հանձնել է ընկերության շահագործմանն այն պայմանով, որ լճում պետք է մշտապես ձուկ լինի: Տեղաբնակները պնդում են, որ ընկերությունը չի կատարում այս պայմանը: Ավելին` «Օզերոն» սկսել է վերացնել ձուկը: Մասնավորապես՝ Սևանա լճից 80 տոննա խեցգետին է բերվել եւ բաց թողնվել Տաբածղուրի լիճ: Հայտնի է, որ խեցգետինները խավիարով են սնվում: Բնակիչների տեղեկություններով՝ դրանից հետո 13 տեսակ ձուկ է ոչնչացել: Սակայն Այվազյանը հայտարարել է, որ ընդհակառակը 10.000 ձուկ է բաց թողել լիճ: Բնակիչները նաև դժգոհում են, որ լճի վաճառքից հետո, ձկնորսությունը սահմանափակվել է: «Օզերո» ընկերությունը պահակներ է վարձել, ովքեր արգելում են բնակիչներին ձուկ որսալ: