Քննարկվել են բնապահպանության ոլորտի հիմնախնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի 2015թ. առաջին նիստը: Բացելով նիստը` կոլեգիայի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կոլեգիայի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, որում եղել է երկու հարց` ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բնագավառում առկա խնդիրները, լուծման ուղիները և Հայաստանի դենդրոպարկերի զարգացման հեռանկարները:

Ներկայացնելով ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում առկա իրավիճակը` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը շեշտել է, որ Հայաստանի բնական ռեսուրսների շարքում ջրային պաշարներն ունեն ռազմավարական նշանակություն:

Ներկայացնելով Սևանա լճի հիմնախնդիրները` զեկուցողն առաջնային է համարել լճի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման հրամայականը:

Բանախոսը զեկուցել է, որ ՀՀ կառավարությունը 2011 թվականին հավանության է արժանացրել ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությունը, որը մշակվել է Եվրամիության Ջրային նախաձեռնության շրջանակներում` Եվրամիության Ջրի շրջանակային դիրեկտիվի և ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների համաձայն: Մոդելային պլանը տեխնիկական առաջադրանք է հանրապետության 6 ջրավազանային կառավարման պլանները մշակելու համար: ՀՀ կառավարության 2014թ. N340-Ն որոշման համաձայն՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է մշակվի և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվի Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, ինչի ուղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ Հյուսիսային, Սևանի, Ախուրյանի, Հարավային, Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակման և կազմման աշխատանքները ներառվել են 2016-2018թթ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում:

Կոլեգիայի նիստում քննարկվել են նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներ: Ըստ զեկուցողի` մշակվել է «Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ կիրականացվի ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի քանակությունների հաշվառում, ինչպես նաև նախատեսվում է ավտոմատ կենտրոնացված կառավարման համակարգի ներդրում 800 ձկնաբուծական տնտեսությունների հորատանցքերի համար:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ չկան հանրապետության ջրային ռեսուրսների ստույգ հաշվառված տվյալներ, ինչը ոլորտի հիմնական բացն է, և ՀՀ բնապահպանության նախարարությունը բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների` մասնավորապես KfW գերմանական բանկի հետ, որպեսզի Հայաստանի ջրի ընդհանուր մոնիթորինգ իրականացվի, ինչը հնարավորություն կստեղծի այս ոլորտում հետագա գործողությունները հստակ ու արդյունավետ իրականացնելու համար:

ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիան ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով որոշել է. -շարունակել Արարատյան դաշտի խորքային հորերի հաշվառման, տվյալների վերլուծման և դրանց հիման վրա լուծարման, կոնսերվացման կամ փականային ռեժիմի բերման աշխատանքները, -կազմել ջրային պետական կադաստրի ու շահագրգիռ հաստատությունների միջև իրա¬կա¬նաց¬վող տվյալների հոսքի և տեղեկատվության փոխանակման նոր ընթացակարգեր, -մեծացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի աշխատանքների ծավալները, -հզորացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցը, ներդնել կենսաբանական մոնիթորինգ, -իրականացնել տեխնիկական և տեխնոլոգիական համակարգերի ներդրում:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է Հայաստանի դենդրոպարկերի զարգացման հեռանկարները և առկա խնդիրները, թվարկել այդ ուղղությամբ 2015-2020թթ. իրականացվելիք միջոցառումները: Դրանցով նախատեսվում են ոլորտը կարգավորող օրենսդրության /«Դենդրոպարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում, դենդրոպարկերի կառավարումն իրականացնող կազմակերպությունների կանոնադրությունների հաստատում, դենդրոպարկերի կառավարման պլանների մշակում, վերանայում և հաստատում/ և կառավարման համակարգի կատարելագործում /ՀՀ բնապահպանության նախարարությունում դենդրոպարկերի կառավարմանն աջակցող խորհրդի ստեղծում/ , դենդրոպարկերում էկոտուրիզմի կարողությունների հզորացում, ինչպես նաև գիտակրթական ներդրվող ծրագրերի մշակում և իրականացում:

Դենդրոպարկերի համակարգերի զարգացման նպատակով նախատեսվում է նաև նոր դենդրոպարկերի ստեղծման և գործող դենդրոպարկերի զարգացման ծրագրերի մշակում, ինչպես նաև ԲՀՊՏ-ների և դենդրոպարկերի միջև էկոլոգիական ցանցի ստեղծման ծրագրի մշակում:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է դենդրոպարկերին տալ վճարովի ծառայություններ իրականացնելու իրավասություն, ինչը վերջիններիս հնարավորություն կընձեռի ստացված միջոցներն ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը:

Կոլեգիայի անդամները կարևորել են ոլորտի օրենսդրական կարգավորման հարցերը, ինչը կխթանի նաև մասնավոր դենդրոպարկերի ստեղծմանը:

Կոլեգիայի նախագահի առաջարկությամբ նիստում որոշվել է փոփոխություններ կատարել 23.12.2014թ. Կոլեգիայի թիվ Կ1-2 որոշման մեջ. «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համալիր շահագործման բնապահպանական ասպեկտները և բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների կատարման գործընթացի կանոնակարգումը» հարցը, առաջնահերթության կարգով, երրորդ եռամսյակում քննարկվելիք հարցերից տեղափոխվել է երկրորդ եռամսյակում քննարկվող հարցերի օրակարգ:




Լրահոս