Armenian text to speach

ԻՐԵՆՑ ԱՃԵՑՐԱԾԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրիում այս օրերին՝ նախընտրական քարոզչության շրջանում, խոսում են ոչ թե առաջադրված թեկնածուներից, նրանց ծրագրերից ու խոստումներից, այլ՝ թե ինչ եղան օրեր առաջ Գյումրու կենտրոնում հնչած նախընտրական կրակոցների հեղինակները:
Հայտնի է, որ դեպքերի գլխավոր դերակատարը համարվում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, ում նկատմամբ ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել: Հայտնի է նաեւ, որ դեռ օրեր առաջ՝ նախընտրական քարոզչության առաջին օրերին, իշխող կուսակցության տարբեր՝ մեծ ու փոքր տրամաչափի անդամներ, խոստացան ու վստահեցրին, որ Գյումրիում ընտրություններն անցնելու են առանց ցնցումների, առանց միջադեպերի, քաղաքակիրթ մրցակցության կանոններով: Այդ նպատակով ՀՀ Ոստիկանությունը ձեւավորեց հատուկ հանձնախումբ՝ ընտրությունները տեղերում «անաղմուկ» կազմակերպելու համար: Եւ, ի վերջո, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր հերթին լրատվամիջոցներին վստահեցրեց, թե թույլ չի տալու Գյումրիում ցնցումներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ առանց կրիմինալի մասնակցության եւ ավանդույթ դարձած նախընտրական կրակոցների, Գյումրիում պարզապես անհնար է ընտրական գործընթաց կազմակերպել:
«Ժառանգություն» կուսակցության Գյումրու գրասենյակի համակարգող Վահագն Հովհաննիսյանի դիտարկումներով. «Կրիմինալ համակարգը, որ այսօր ամբողջ հանրապետությունում կա, չի կարող իրեն ցույց չտալ: Էնպես են դաստիարակել, էնպիսի կադրեր են աճեցրել, որոնք հարցերը միշտ լուծել են ուժի միջոցով, գողականի միջոցով: Ո՞վ է էդքան թեւ ու թիկունք տվել իրենց»:
Իսկ ՀԱԿ համակարգող, Գյումրիի գրասենակի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի բնորոշմամբ՝ այս ընտրությունների քարոզչությունը «դժգույն է ու խիստ գունատ»: «Թեկնածուների, հատկապես ավագանու անդամության թեկանածուների ասելիքը խիստ սահմանափակ է: «Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք» շատ խղճուկ բնորոշմամբ: Նման դժգույն ընտրաշավ գոնե ես չեմ հիշում Գյումրիում»,- ասաց Մուրադ Գրիգորյանը: Ըստ նրա՝ ընտրարաշավին մասնակցում են կոնյուկտուրայից ելնելով. «Նույն հիմնարկության, նույն գործարանի սեփականատերը քաղաքապետի թեկնածու է, իսկ նույն գործարանի ցեխերից մեկի աշխատակազմը՝ մի քանի հոգով  ավագանու անդամի թեկնածու են առաջադրել: Այսպիսի ընտրությունների դեպքում ես չգիտեմ՝ ի՞նչ քաղաքապետ-ավագանի հակակշռի մասին է խոսքը»,- ասաց նա: Գրիգորյանի խոսքերով, Հայաստանում ՏԻՄ հասկացությունը վաղուց հողին է հանձնվել. «Վաղն էլ ունենալու ենք անդեմ, գունազուրկ, հեշտ կառավարելի ու ղեկավարելի մի ֆիգուր՝ քաղաքապետի փոխարեն…»: Ըստ նրա՝ մրցակցություն եւս որպես այդպիսին Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գոյություն չունի. հնարովի, շինծու մրցակցություն է ապահովվել՝ կազմակերպված միջոցառմանը ավելի հետաքրքիր տոներ հաղորդելու համար:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի



Լրահոս