ՏԱՆՋԱՆՔԻ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին այս անգամ իր պատմությունը պատմեց 63-ամյա Սամվել Մահտեսյանը, որը չէր ցանկանում զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, որ ինքը հետաքրքիր զրուցակից չէ. «Ես այդքան կարիքավոր մարդ չեմ ու ձեզ դժվար թե կարողանամ հետաքրքիր բաներ ասել: Այս գործը հիմնականում անում եմ մայրիկիս համար, քանի որ նա հիվանդ է»:
Սամվել Մահտեսյանին հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում, որտեղ նա ակորդեոն էր նվագում, եւ, ինչպես ինքն է նշում, բաց համերգ ներկայացնում անցորդներին: «Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա` տղա եւ աղջիկ: Ապրում եմ Նոր Նորքի զանգվածում: Երեխաներս արդեն երկար տարիներ է, ինչ ապրում են Մոսկվայում: Կինս էլ է մեկնել նրանց մոտ, իսկ ես այստեղ մնացել եմ հիվանդ մորս եւ քրոջս հետ»,-պատմեց մեր զրուցակիցը:
63-ամյա Սամվելը երաժշտական կրթություն ունի, երկար տարիներ նվագել է «Հայհամերգ» խմբում, ինչպես նաեւ այլ անվանի խմբերում. «1988-89թթ. հետո Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղ ես ժամանակին աշխատում էի, պատերազմ սարքեցին, ու այդ օրվանից կարծես թե երաժշտական աշխարհը կանգնեց ու տենց էլ մնաց: Այդ տարիներից սկսած՝ քաղաքի տարբեր վայրերում եմ եղել, փող եմ հավաքել ու ընտանիք եմ պահել, ի՜նչ արած»: Սամվելի ասելով՝ հարազատները գիտեն, թե ինքն ինչպես է գումար աշխատում: «Բա ո՞նց չեն իմանում: Բա հենց հարազատներս են գալիս, փող տալիս,-ասաց նա՝ հավելելով, որ իր տանջանքի ու դժվարությունների գնով է, որ երկու երեխաները բարձրագույն կրթություն են ստացել,-աղջիկս բժշկուհի է, տղաս` իրավաբան, բայց այսօր հայրենիքում չեն: Մեկ-մեկ գալիս են, գնում, բայց մշտական չեն կարողանում մնալ, ասում են, թե պայմաններ չկան»: Նա նշեց, որ չի սրտնեղում, որ անցորդներից շատերն այլ աչքով են նայում, ըստ նրա` զարգացման փուլ ենք ապրում, եւ այդ դեմքերից պետք չէ սրտնեղել:
Հայացքները տարբեր են, փող գցողների տեսակներն էլ են տարբեր: «Հարուստ-աղքատ նշանակություն չունի, տվողը կտա, չտվողը չի տա»,-նշեց նա` հավելելով, որ չի դժգոհում իր հավաքած գումարից եւ կարողանում է հոգալ իր կարիքները:
Մեր զրուցակցի երազանքները շատ են, բայց ամենակարեւորը` խաղաղություն է մաղթում աշխարհին. «Լավ կլիներ, որ Հայաստանում այնքան լավ պայմաններ ստեղծվեին, որ մարդիկ փող մուրալով չզբաղվեին, այլ մարդավարի գործ անեին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս