Դատապարտյալին «աղջիկներ մատակարած» Արդարադատության նախարարության աշխատակիցն ազատվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր հայտնել էր, որ երեկ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստուգվել է հերթապահ մասի աշխատասենյակը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այնտեղ հայտնաբերվել է սպիրտով լի տարա:

Նշենք, որ օրվա հերթապահ մասի պատասխանատուն եղել է Սմբատ Հակոբյանը, իսկ նրա օգնականն է եղել Աշոտ Մալարյանը:

Հիշեցնենք, որ ՔԿՎ մամուլի ծառայությունից մեզ հայտնել էին, որ երեկ` ժամը 15:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները` Քրեակատարողական վարչության աշխատակիցները ստուգման են ենթարկել հերթապահ մասի աշխատասենյակը: Այնտեղ հայտնաբերվել և առգրավվել է 250 գրամանոց պլաստմասե տարա, որում եղել է սպիրտի հոտով հեղուկ: Հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Առգրավվածն ուղարկվել է փորձաննության:

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Սմբատ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: ՔԿՎ մամուլի ծառայության բաժնից մեզ տեղեկացրին, որ նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Թե ինչ կպարզի ծառայողական քննությունը, ցույց կտա ժամանակը:

Ի դեպ հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը համարվում է Սեդրակ Զատիկյանի սպանության համար ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի մերձավորներից: Հիշեցնենք նաև, որ Սեդրակ Զատիկյանը «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդին է:

Նախորդ տարի «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո դատապարտյալ Ստեփան Հակոբյանը բուժում էր ստանում: Սմբատ Հակոբյանը որոշել էր «լավություն անել»: ՔԿՀ աշխատակիցն իր օգնական Աշոտ Մալարյանի հետ միասին թույլատրել էր ապօրինի տեսակցություններ բժշկական կենտրոն և այնտեղ աղջիկներ էր մատակարարել դատապարտյալին: Արդարադատության նախարարության վերահսկիչ ծառայության բաժնի կողմից ստուգումներ իրականացնելու արդյունքում կատարվածը բացահայտվել էր, և Սմբատ Հակոբյանը կարգապահական տույժի էր ենթարկվել:




Լրահոս