ԻՄ ՆՄԱՆԸ ՉԿԱ, ՀԱՍԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԱՆԻ ԲԱՅԱԹՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում շատ պատահաբար գտա մի լուսանկար, որն ինձ մոտ ժպիտ առաջացրեց. միանգամից երեւում էր դերասանուհու հումորի զգացողությունն ու ինքնատիպությունը: Անին ֆոտոշոփի օգնությամբ իրար էր կցել սեփական լուսանկարն ու ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարի նկարը` իրեն նմանեցնելով վերջինիս: Ի դեպ, արձագանքներից կարելի է ենթադրել, որ կատակը հասկացվել է, ու Անիին չեն մեղադրի որեւէ մեկին նմանակելու մեջ, ինչը վերջին շրջանում շատ տարածված երեւույթ է:
-Այդ լուսանկարն ընդամենը կատակ էր, ես ինքս եմ դա արել` ուղղակի նմանեցնելով ինձ իրեն, դե ես աղջիկ էի, ինքը` տղա, գոնե դրանով պետք էր հասկանալ, որ սա ընդամենը կատակ էր: Ի դեպ, բոլորին էլ դուր է եկել:
-Երբեւէ  որեւէ մեկին նմանակե՞լ եք:
-Ոչ մեկին չեմ փորձել նմանակել, բայց ինձ շատ են նմանացրել իտալացի դերասանուհի Աննա Մանյանիին, ում մասին ես լսել էի, բայց չէի տեսել: Հետո երբ նայեցի մի քանի վիդեոներ, զգացի, որ նմանություն կա, ոչ թե արտաքինի, այլ խաղի, խարակտերի ու բնույթի: Ես ոչ մեկին նման չեմ,  ախր իմ նմանը չկա, հասկանո՞ւմ եք (ծիծաղում է-խմբ):
-Դուք նաեւ թատրոնում եք խաղում, չի՞ պատահել, որ որեւէ կերպար մարմնավորեք, հետո դուրս չգաք այդ դերից:
-Չէ՛, որովհետեւ ինձ հետաքրքիր է ստեղծագործել ու ավելի ուրիշ բաներ խաղալ: Ցանկալի չէ խաղալ մի բան ու մնալ այդ կերպարի տակ: Կստացվի, որ ես անընդհատ նույն դերն եմ խաղում: Չնայած սերիալից հետո, չգիտես ինչու, բոլորի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ես մի դերի դերասանուհի եմ, ուրիշ կերպարների մեջ ինձ չեն ցանկանում փորձել կամ էլ ցանկանում են, բայց վախենում են ֆինանսներ հատկացնել, քանի որ ես թանկ եմ վճարվում (ծիծաղում է-խմբ.): Եթե ինչ-որ բան էլ առաջարկում են, հումորային բնույթի է լինում: Բայց ինչո՞ւ չեն մտածում, որ եթե այս հումորային կերպարները ստացվել են, ուրեմն ես ունեմ իմ մեջ պոտենցիալ այլ դերեր խաղալու համար:
-Այսինքն` հումորային կերպար մարմնավորելուց հետո ռեժիսորներն արդեն լուրջ դերեր չե՞ն առաջարկում:
-Ա՛յ հենց դրանից եմ դժգոհում: Այստեղ ստերեոտիպ կա, որը չեն անցնում ու միշտ առաջարկում են խաղալ կոմեդիաներում կամ այնպիսի կերպարներ, որ արդեն սերիալում կամ ֆիլմում  խաղացել եմ: Դերասանն էլ ուզում է իրեն փորձել տարբեր ժանրերի մեջ:
-Փաստորեն, Դուք պատրաստ եք, ուղղակի Ձեզ չե՞ն առաջարկում:
-Այո՛: Ընդհանրապես յուրաքանչյուր կատակերգու ուզում է դրամայում խաղալ, դրամա խաղացողն էլ` ինչ-որ կատակերգության մեջ: Հավատացե՛ք, ավելի դժվար է ծիծաղեցնելը, քան հուզելը:
-Դերասանները կյանքո՞ւմ էլ են խաղում, թե՞ խաղը մնում է միայն բեմում:
-Բեմից այս կողմ խաղն ավարտվում է: Չես կարող անընդհատ խաղալ, ինքդ էլ պետք է փնտրես խաղալու այդ տրամադրությունը բեմի վրա կամ ֆիլմում նկարահանվելիս: Ո՞ւմ է պետք կյանքում խաղը: Չնայած կյանքը խաղ է, մարդիկ` դերասաններ, բոլորս էլ լավ գիտենք կյանքում մեր դերը:
-Գտե՞լ եք, գիտե՞ք` որն է Ձեր դերն այս կյանքում:
-Երեւի թե չեմ գտել, դեռ շարունակում եմ փնտրել: Դեռ մեծանալու եմ, շատ տարբեր բաներ եմ տեսնելու, խաղալու:
-Գոնե գիտե՞ք` ինչ եք ուզում: Ասում են` նախ կոնկրետացի՛ր ցանկություններիդ մեջ, հետո սկսի՛ր ցանկանալ:
-Ես այդ կոնկրետացումը համարում եմ պլանավորում, չեմ սիրում ոչինչ պլանավորել: Դրա համար էլ անում եմ այնպես, ինչպես ստացվում է, ինչպես հայրս է սիրում ասել` ինքնաբերաբար: Առանց պլանավորելու ապրելն ավելի հետաքրքիր է: Իմ կյանքում ամեն ինչ կախված է իրավիճակից, այդքան էլ երկրային չեմ, սիրում եմ օդերով ապրել, իմ աշխարհն ունեմ: Ես վատի մեջ էլ լավն եմ կարողանում տեսնել:
-Ձեր դստերը նո՞ւյն կերպ եք դաստիարակում:
-Հա՛, ես, մամա լինելուց բացի, նաեւ իր ընկերուհին եմ: Ինձ համար կարեւոր է յուրաքանչյուր հարաբերություններում ընկեր լինելը: Եթե այդ մարդուն հասկանաս, ինքն էլ` քեզ, ամեն ինչ հարթ կգնա: Պետք է ընկերական լինել, որ ցանկացած արարք ընկալես ոնց որ պետքն է: Աղջիկս արդեն 7.5 տարեկան է, ինքն էլ շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, սկսում է ձեւավորվել:
Խորհուրդներ էլ չեմ տալիս, հիմնականում զրուցում եմ, իսկ թե հետո ինքը ինչ կընկալի, կվերցնի, իրենից է կախված:
-Կցանկանա՞ք, որ Ձեր ճանապարհով գնա:
-Կցանկանամ, որ ճիշտ ճանապարհներով գնա: Հիմա աղջիկս տարված է նկարչությամբ, արվեստի ոգին իր մեջ կա, ու հնարավոր էլ չէր, որ չլիներ: Վստահ եմ` բեմը կսիրի: Ինչպես ինքն է ասում. «Բալետուհի եմ դառնալու»:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս