ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԽԱԼՄԱՄԲ
Էլ-Բեյդա նահանգի Ռադա քաղաքում ողբերգական միջադեպ է տեղի  ունեցել: Եմենի ռազմաօդային ուժերը կիրակի օդային հարվածներ են հասցրել երկու մեքենաների, որոնք տեղափոխում էին  ոչ թե «Ալ-Քաիդա»-ի զինյալների, այլ՝ խաղաղ բնակիչների: Սխալ հարվածների հետեւանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 կին ու 3 երեխա: Հարվածի պատճառ են դարձել հետախուզության սխալ տվյալները, ըստ որի՝  տրանսպորտում եղել են «Ալ Կաիդա»-ի ահաբեկիչներ: Հիշեցնենք, որ Եմենում «Ալ Քաիդա»-ի  գործունեությունն ակտիվացել է  2011թվականից նախագահ Աբդուլա Ալի Սալեհի հրաժարականից հետո:

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ կին հաղորդավարներին թույլատրվել է հիջաբով (գլխաշոր) երեւալ եգիպտական պետական հեռուստաալիքի եթերում: Ֆաթմա Նաբիլը պատմել է, որ իրեն 25 տարի շարունակ արգելել են երեւալ պետական հեռուստաընկերության եթերում, իսկ այժմ թույլատրել են՝ պայմանով, որ նա կարող է կադրում հայտնվել միայն գլխաշորով: Նախկին առաջնորդի կառավարման օրոք հեռուստատեսությունում աշխատող եւ հիջաբ կրող կանանց արգելվում էր հայտնվել կադրում: Նաբիլը նշել է, որ  նոր նախարարի նշանակումից հետո իր առջեւ «կանաչ լույս» է վառվել:

ՍՊԱՆՎԵԼ Է

Ռուսաստանում սպանվել է 32-ամյա հայ գործարար Վահրամ Սանոսյանը: Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի «Տարվա եղանակներ» առեւտրի կենտրոնի մոտ: Երիտասարդ գործարարն իր զարմիկների ու դստեր հետ որոշել  է գնալ նշված առեւտրի կենտրոն՝ ընթրելու, սակայն մեքենային ինչ-որ բանով հարվածել են: Երբ Վահրամը դուրս է եկել մեքենայից, նկատել է 3 հարբած տղամարդու: Ըստ իրավապահ մարմինների՝ վերջիններս ցանկացել են կոտրել մեքենայի ապակիներն ու վնասել երեխաներին, իսկ Վահրամը փորձել է կանխել դա, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել: Հարբած խուլիգանների կողմից դաժան ծեծի ենթարկված Սանոսյանը գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Չնայած բժիշկները մոտ մեկ շաբաթ պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն դա նրանց չի հաջողվել:

ԿՈՎ՝ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Հարավաֆրիկյան հանրապետությունում օլիմպիական չեմպիոններին կով են նվիրելու, որոնք այդ երկրում բավականին թանկ արժեն: Նման գաղափարով  է հանդես եկել ձեռներեց Յան Սքասնելը: Նա պատրաստ է կոտոշավոր նվերներ մատուցել չորս թիավարներին եւ երկու լողորդներին: Նրանք ովքեր չեն հավանի նվերը, կարող են այն փոխարինել մսով: Լողորդ Քեմերոն վան դեր Բուրգն արդեն հրաժարվել է կենդանուց եւ ցանկացել է դրա փոխարեն 140 կգ միս ստանալ, իսկ  թիավարներից մեկն էլ՝ Չադ լե Քլոնը, դեռ չի կողմնորոշվել, թե ինչն է ցանկանում վերցնել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս