Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ փոքր բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որի ժամանակ նաև հակիրճ ներկայացրել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
168.am-ը Կ. Դանիելյանին խնդրեց մանրամասնել, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել: Նա պատմեց, որ տնտեսական ենթահանձնաժողովների նախագահներից մեկը հարց է բարձրացրել, որ Սահմանադրության մեջ պետք է առանձին կետ մտցնել այն մասին, որ եթե սեփականաշորհվել է որևէ տնտեսական օբյեկտ և այն չի գործում, ապա պետությունն իրավունք ունի այն ազգայնացնելու:
Նախագահը պատասխանել է, որ դա ոչ թե Սահմանադրության, այլ օրենքի խնդիր է և հիմանակում չեն գործում այն օբյեկտները, որոնք շահավետ չեն, և սեփականատերն ի վիճակի չէ դա աշխատեցնելու և դրա համար չի կարողանում աշխատեցնել, այսինքն՝ այն մրցունակ չէ շուկայում: Կ. Դանիելյանը միացել է բանավեճին՝ ասելով, որ միշտ չէ, որ դա ոչ շահավետ է և ոչ մրցունակ, լինում են դեպքեր, երբ շինությունն ուղղակի պահում են ապագայի համար. «Օրինակ բերեցի «Դվինի» շենքը, որ քանի տարի քաղաքի կենտրոնում որպես աղբավայր էր՝ քանդված վիճակում: Նախագահն ասաց՝ «դուք ինչպես միշտ բերում եք անհաջող օրինակներ», և որ արդեն «Դվինի» շենքը վերակառուցվում է: Դա իրոք այդպես է, բայց քանի տարի դա մնացել է որպես աղբավայր:
Նախագահը նաև ասաց, որ Սահմանադրության մեջ, հակառակը, պետք է ֆիքսվի, որ մասնավոր սեփականությունը անձեռնմխելի է, այն հիմա կա և էլի կլինի: Ես դրա մասին չեմ խոսել, բայց, իհարկե, մի կողմից անձեռնմխելի է, մյուս կողմից՝ 1995-ից, 1994-ից սկսած մենք այդ հարցերը բարձրացրել ենք, որ ուղղակի ծանոթ-բարեկամ կամ ուղղակի կոռուպցիոն սկզբունքով սեփականաշնորհումը տեղի ունեցավ, և կաթվածահար եղավ ամբողջ երկրի տնտեսությունը, և միշտ չէ, որ դա մրցունակ չի եղել, ինչպես ասում էր Համաշխարհային բանկը կամ այն ժամանակվա կառավարությունը: Շատ հաճախ ավելի շահավետ է միանգամից ամբողջ եղած գույքը, տեխնիկան վաճառել որպես մետալալոն, հետո ներդրում իրականացնել»:
Հարցին՝ ինչո՞ւ է նախագահը ասել՝ «ինչպես միշտ վատ օրինակ եք բերում», նախկինում է՞լ եք բանավիճել ինչ-որ հարցի շուրջ, Կ.Դանիելյանն այսպես պատասխանեց. ««Փակ շուկայի» հարցի քննարկման ժամանակ էր: Դե, այնտեղ ուզում էին մի 14 հարկանի էլ հյուրանոց կառուցեին, ես ասացի, որ երևանցիները շատ ծանր են ընկալում կորուստները, որովհետև անկախության տարիներին պատմամշակութային ժառանգությունն ուղղակի ոչնչացվում է: Օրինակ բերեցի Ջամփոլադյանների թատրոնը, որը հետո սպայի տուն էր դարձել: Նախագահին դա բալորովին դուր չեկավ, ինքը չհամաձայվեց, ու շատ բացասական արտահայտվեց այդ շենքի և իմ բերած օրինակների վերաբերյալ»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: