Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ճարահատյալ հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որպեսզի գոնե աշխատանքի գնալուց Սերժ Սարգսյանը տեսնի իրենց և հանդիպի: Բայց վերջիններիս հույսերը չարդարացան: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը, ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր անցավ առանց կանգնելու:
Նաիրիտցիների համար դա ստորացուցիչ էր, քանզի, իշխանությունների խոսքով, ժողովրդավարական և ապահով երկրի նախագահը բառի բուն և ուղիղ իմաստով արհամարհեց իր ժողովրդին: Ու բնավ կապ չուներ, թե հավաքվածները քանի հոգի կլինեին` 10, 20, թե` հազար կամ հարյուր: Իրեն ժողովրդավարական հռչակած երկրի նախագահը պարտավոր էր գոնե երկու բառ փոխանակել այդ մարդկանց հետ, ովքեր իր դուռն էին գնացել, կանգնած իրեն էին սպասում: Չնայած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաիրիտցիները գրեթե ամեն օր են կանգնում Սերժ Սարգսյանի «դռան» մոտ և արհամարհվում են, այսօրվանն էլ արտառոց համարել չի կարելի:
Հասկանալի է, որ երկրի նախագահի գրաֆիկը րոպե առ րոպե պլանավորված է, սակայն, 10 րոպեով այդ գրաֆիկից շեղվելը երկրի տնտեսությանն ու բնականոն զարգացմանը չեր խանգարի, ավելին, կնպաստեր: Որպես օրինակ կարելի է նշել, որ գերտերություններից, օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, ում գրաֆիկը դժվար է համեմատել Սերժ Սարգսյանի գրաֆիկի հետ, անցած տարվա նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա անցկացնողների հետ իր ամենօրյա գրաֆիկից դուրս հանդիպեց, քանի որ վերջինս թքած չունի իր քաղաքացիների վրա: Եվ նման օրինակներ շատ կան:
Այնուամենայնիվ, վերադառնալով մեր տխուր իրականություն` հավելենք, որ նաիրիտցիներից մարդիկ գտնվեցին, ովքեր հույս հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը մի օր իրենց կընդունի, բայց թե երբ կլինի այդ մի օրը, ոչ ոք չգիտի և անգամ գուշակելն է ժամանակի անիմաստ կորուստ: Երբեմնի հսկա գործարան համարվող «Նաիրիտի» աշխատակիցները երթով գնացին մեկ այլ չինովնիկի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի «մոտ», որտեղ էլ իրենց ակցիան ավարտեցին: