
Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել էր, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ստացվել է նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։
Սակայն Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները դեռևս չեն ծանոթացել փորձաքննությունների եզրակացությանը: Armlur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք դեռևս չեն ծանոթացել եզրակացությանը, քանի որ ևս մի քանի մարդիկ կան, որոնց հետ պետք է պայմանավորվեն` միասին արդյունքներին ծանոթանալու համար:
Նրա խոսքով` դա, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը, որից հետո նոր իրենք համապատասխան մեկնաբանություն և դիրքորոշում կհայտնեն: