Հարավային Կովկասում ցածր ինտենսիվությամբ հակամարտությունները սկսում են սրվել: Ինչպես գրում է Journal Pioneer-ը, սա մասնավորապես վերաբերում է դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը հռչակվել է Խորհրդային միության փլուզումից հետո:
Հրատարակչության հոդվածում հեղինակը` «Prince Edward Island» համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հենրի Սրեբրինկը, գրում է, որ Հայաստանից մոտ 7 անգամ ավելի հզոր տնտեսություն ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ծրագրավորում է այս տարի ՀՀ տարեկան բյուջեն գրեթե 2 անգամ գերազանցող 2.7 միլիոն դոլար ծախսել իր սպառազինության վրա:
Հոդվածի հեղինակը գրում է. «Կարծես թե, ԼՂ հակամարտության հարցում կողմերից ոչ մեկը չի պատրաստվում որևէ հետքայլ կատարել» և մեջբերում New York Times-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Աբդուլլա Քուրբանի հայտարարությունը, թե «երբ ջուրը խառնվում է հողի հետ, ցեխ է դառնում, իսկ երբ արյունն է խառնվում հողի հետ, դա հայրենիք է»:
«Լեռնային Ղարաբաղի չլուծված կարգավիճակը մնում է անկայուն Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենապայթյունավտանգ խնդիրներից մեկը»,- այսպես է եզրափակում քաղաքական գիտությունների պրոֆեսոր Հենրի Սրեբրինկն իր հոդվածը: