Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների մասին:
Նա նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը լավ կառավարիչ լիներ, երկիրն այս վիճակում չէր լինի: Ա. Զուրաբյանը միաժամանակ հայտարարեց, որ չնայած Սերժ Սարգսյանի` վատ կառավարիչ լինելուն, ինքը կողմ է սահմանադրական բարեփոխումներին և հույսը կապում է խորհրդարանական կառավարման հետ:
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մենք մի բան ենք հասկացել, որ նա իր համար վերջնական որոշում չունի, թե կառավարման որ ձևն է ընտրելու: Նա պատրաստվում է երկու նախագիծ բերել ԱԺ՝ կիսանախագահական և խորհրդարանական, բայց մենք դեմ ենք կիսանախագահականին»,- նշեց նա:
«Սերժ Սարգսյանը, եթե չլինի ԱԺ պատգամավոր, չի կարող լինել Աժ նախագահ: Նրա պաշտոնավարումն ավարտվելու է 2018-ին, իսկ պառլամենտական ընտրությունները 2017-ին են: Որպեսզի դառնա պատգամավոր, պետք է հրաժարական տա և վայր դնի նախագահի լիազորությունները: Սակայն իմ հարցին, թե հրաժարակա՞ն է տալու, նա պատասխանել է, որ մինչև վերջ պաշտոնավարելու է»,-հավելեց բանախոսը: