Գևորգ Մանուկյանին ստախոս ու անբարոյական անվանելը ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունն է. Վարդգես Գասպարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանի դեպքին և թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լևոն Զուրաբյանը Գևորգ Մանուկյանից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն և ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, և այս մասին Գևորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից: Իսկ ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Մանուկյանին, հայտարարեց, թե վերջինս ստախոս է և միշտ աչքի է ընկել վատ վարքագծով:

Թեմային իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս ծանոթ է: Armlur.am-ի հետ զրույցում նա գործի հետ կապված ներկայացրեց այն, ինչին անձամբ տեղյակ է եղել: Գասպարիի խոսքով` Գևորգ Մանուկյանը մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնվեց բանտում, այնտեղից դուրս գալուց հետո անընդհատ դիմում էր այդ նույն հարցով` արդյո՞ք դիմել են ՄԻԵԴ թե՞ ոչ:

«Դրանից հետո Գևորգը դիմեց ինձ այդ նույն հարցով: Այն ժամանակ ես քաղբանտարկյալների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ էի: Ես դիմեցի ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին նույն հարցով` գործը ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Եթե ուղարկել են, ապա պետք է որ փոստի ստացական գոյություն ունենա, ինչու՞ չեն տրամադրում այդ ստացականը Գևորգին: Նա ինչ-որ պատճառաբանություններ է բերել մոտ 1-2 տարի: Ես կարող եմ ասել, որ այս հարցը անտրամաբանական ու անհասկանալի էր: Դրանից անազնվություն էի զգում ես: Այս ամեն ինչը կարող է պարզվել, եթե ստացականը հանեն տրամադրեն նրան»,- ասաց Վ. Գասպարին և հավելեց, որ իրենից բացի նաև այլ մարդկանց է Գևորգը դիմել, ովքեր ևս դիմել են ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանին ու նույն «հեքիաթը լսել»:

Անդրադառնալով ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, Գասպարին նկատեց`  կարծես իրավաբանական մի ամբողջ խումբ նստել էր և այդ պատասխանը պատրաստել: «Այն, որ գնահատական են տվել, թե Գևորգը ստախոս է ու անբարոյական, ՀԱԿ-ի մեծագույն անբարոյականությունն է: Ես մինչև հիմա այդ մասին չեմ բարձրաձայնել, որովհետև հենց այդ քաղբանտարկյալների ցուցակում եղել են քրեական անցյալ ու քրեական ներկա ունեցող անձինք, «զոն նայողի» թափթփուկներն էին: Դրանց ՀԱԿ-ը որևէ թթու բան չի ասել, որևէ գնահատական չի տվել այդ մասին: Իսկ հիմա նրա համար անբարոյական են այն մարդիկ, ովքեր իրենց բողոքը բարձրաձայնում են, մատնացույց են անում իրենց ոտնահարված իրավունքը, որը տեղի է ունեցել ՀԱԿ-ում: Այ դրանք են անբարոյական»,- մանրամասնեց Վարդգես Գասպարին:

Նա հավելեց, որ Հայաստանում բոլորն ասում են` մեզանից ոչինչ մի ուզիր, ուրիշից ուզիր: «Գնում ես իշխանության մոտ ասում է` ինձանից ոչինչ մի ուզի: Նույն վերաբերմունքն ունի նաև ընդդիմությունը: Նա էլ ասում է` իմ ձեռքն ինչ կա, որ ինձանից ես ուզում, գնա օրինակ` դատախազից ուզի: Բայց չէ որ ես իմ վստահության քվեն եմ տվել քեզ: Սա ընդդիմության արատն է, կարծես իշխանության պատճեն լինի»,-ասաց Գասպարին և ավելացրեց, որ Գևորգ Մանուկյանի պահանջն արդար է և վերջինս շատ ճիշտ տեղ է պահանջներ ներկայացնում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս