Գյումրեցի հայտնի բժշկի որդին դանակահարել է հարեվանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախորդ օրը Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող Հաղթանակի պողոտա 42 ա շենքի բակում դանակահարել են 33-ամյա Արտակ Մուրադյանին:
Նրա ծնողների պնդմամբ, դանակահարողը եղել է Շիրակի մարզի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սայաթ Գարեգինյանի եղբոր` Գյումրու մաշկաբանական դիսպանսերի ղեկավար Սամվել Գարեգինյանի որդին` Դավիթը:
Պատճառը, ըստ դանակահարվող Արտակ Մուրադյանի մոր` Օֆելյա Ներսիսյանի, եղել է Գյումրու քաղաքապետարանի կողմից շենքի բակում ժամանակավոր ավտոտնակի համար 3 հարևաններին հատկացված հողատարածքում շինարարական աշխատանքների սկսումը: Ըստ տիկնոջ, իրենք թեև ունեն բոլոր օրինական փաստաթղթերը ավտոտնակ դնելու համար, սակայն երբ նախորդ օրը, սկսել են շինարարական աշխատանքները, իրենց առաջին հարկի հարևանի` բժշկի ընտանիքը, անչափ ծանր է տարել ու նրա մայրաքաղաքում սովորող ուսանող որդին, ժամանելով Երևանից, դանկահարել է իր որդուն:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մենք Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից ճշտեցինք, որ երկու տեղով վնասվել է Արտակ Մուրադյանի նստատեղի շրջանը, իսկ մաշկաբան Գարեգինյանը, թեև իրենց տեղեկություններով, ևս վնասվածքներ է ստացել, սակայն հիվանդանոցում պառկած չէ, գտնվում է տանը:
Աղբյուր՝ aravot.am




Լրահոս