
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եւ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն՝ ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան «բռնկվել է», սկսել վիրավորել գյուղապետին, քաշքշել ու հայհոյել նրա ընտանիքի անդամներին: Թե ինչից է սկսվել վեճը, փորձեցինք պարզել Կողբավանի համայնքապետ Հովհաննես Քոչարյանից, որն ասաց. «Որ իմանայի, կասեի: Ուղղակի թեթեւ խոսակցություն է եղել, երեւի ճիշտ չհասկացանք իրար»: Նշենք, որ այս միջադեպին արձագանքել է նաեւ Հայ առաքելական եկեղեցին եւ պատժել աբեղային: «Տվյալ հոգեւորականը տեղի ունեցածի պատճառով արդեն կարգալույծ է արվել»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվական կենտրոնի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: