Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պետք չէ տեղին թե անտեղի քննադատել ՀՀ դեսպանների աշխատանքը, քանի որ իրենք ամեն ինչ անում են` լավ արդյունքի հասնելու համար: Նա չափազանցված համարեց այն խոսակցությունները, թե ՀՀ դեսպանները եվրոպական երկրներում հաճախ վարորդի դեր են կատարում:
-Պարո՛ն Այվազյան, այսօր ամբողջ աշխարհը խոսում է Ռամիլ Սաֆարովի ներման մասին, բայց եվրոպական երկրները խուսափում են որեւէ հստակ դիրքորոշում հայտնելուց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
-Ես չեմ կարող ուրիշ երկրների համար մեկնաբանություն անել, հիմա մենք սպասում ենք Լիտվայի արտգործնախարարության արձագանքին: Ես ուղղակի Ձեզ տեղեկացնեմ, որ երեկ ես փոխարտգործնախարարի հետ եմ հանդիպել, Սկանդինավյան եւ Բալթյան երկրների արտգործնախարարների ավանդական հանդիպումն է լինելու, եւ ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպման ժամանակ այդ հարցը կքննարկեն: Եւ հիմա ինձ խոստացել են օրվա վերջին, երբ հանդիպումն ավարտվի, այդ երկրների արտգործնախարարները հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Հուսով ենք, որ անդեմ չի լինելու:
-Իսկ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, որպեսզի եվրոպական երկրները սկսեն հարգել իրենց իսկ կողմից որդեգրած սկզբունքներն ու արժեքները:
-Դա արդեն ՀՀ անելիքը չէ, դա եվրոպական երկրների խնդիրն է, արդյոք իրենք ուզում են հարգել, թե ոչ` իրենց խնդիրն է:
-Բայց չե՞ք կարծում, որ Հայաստանն էլ այստեղ անելիքներ ունի, որպեսզի ստիպի…
-Հայաստանի Հանրապետությունը, վստահ եմ, իր անելիքները պետք է անի եւ անում է, որի մասին շատ անգամ բարձրաձայն չենք ասում, շատ անգամ գործընթացներ են սկսվում, որոնց մասին չենք բարձրաձայնում: Բայց, բնականաբար, ՀՀ-ն կարող է որոշ գործողություններով եւ իր կեցվածքով, հարցադրումներով նպաստել, որ որոշ երկրներ հավատարիմ մնան իրենց հայտարարություններին, համաձայն եմ:
-Հատկապես այս օրերին Հայաստանում կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ մեր դեսպանները եվրոպական երկրներում շատ վատ են աշխատում կամ ընդհանրապես չեն աշխատում:
-Ես ծանոթ եմ այդ խոսակցություններին, վստահ եմ, որ չափազանցված են: Բոլորն էլ իրենց ուժերի ներածին չափով աշխատում են, ուղղակի այդ հարցը` մեղադրել դեսպանին, այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մեր դեսպաններն անում են իրենց աշխատանքը շատ սակավաթիվ ռեսուրսներով, եւ շատ դեպքերում պետք է այդ աշխատանքը համակարգված ձեւով լինի, միայն դեսպանի եւ արտգործնախարարության վրա մեղքը չդրվի: Եթե ինչ-որ տեղում թերացել ենք, ապա պետք է ասել` ինչ հարցերում ենք թերացել, որովհետեւ դա միայն դեսպանների եւ արտգործնախարարության գործը չէ: Պետք է ուղղակի ճիշտ գնահատական տալ: Շատ անգամ միայն բացասական նյութերն են ներկայացվում: Ընդհանրապես դիվանագետների աշխատանքը հաճախ ավելի անարդար ձեւով է գնահատվում աշխարհում: Կողքից թվում է, թե շատ գեղեցիկ կյանք են վարում, ընդունելությունների են մասնակցում եւ այլն, բայց դա իսկապես չի համապատասխանում իրականությանը: Հավատացե՛ք, որ ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ եւս շատ լուրջ եւ բավական բարդ աշխատանք է տարվում, նաեւ` չափազանց պատասխանատու աշխատանք:
-Նույնիսկ կարծիքներ հնչեցին, թե եվրոպական երկրներում ՀՀ դեսպանները հաճախ որպես վարորդ են աշխատում` Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերին տեղից տեղ տեղափոխելով:
-Ես ուղղակի կասեմ, որ ընդամենը իրականությանը չի համապատասխանում այդ ամենը, ես վստահեցնում եմ, որ չի եղել մի պատվիրակություն, որ նկատի, թե դեսպանությունն աշխատում է միայն վարորդի կամ ուղեկցողի դերում: Ես ուղղակի խորհուրդ կտամ հարցնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մարդկանց, որ եղել են այստեղ:
-Իսկ Դուք անձամբ տեղյա՞կ էիք, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման այս գործընթացին:
-Կարծում եմ՝ բոլորս տեղյակ էինք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է, բայց վերջին դեպքից, բնական է, տեղյակ չէի:
-ՀՀ հատուկ ծառայությունները Ձեզ չե՞ն օգնել տեղեկանալու, թե ինչ էր իրականում կատարվում:
-Հարցը տվե՛ք հատուկ ծառայություններին:
-Սերժ Սարգսյանը դեպքից անմիջապես հետո դեսպաններին հանձնարարեց կոնկրետ քայլեր ձեռնարկել, կոնկրետ աշխատանք կատարել: Դուք անձամբ ի՞նչ եք արել մինչ օրս:
-Անմիջական եւ մշտական կապի մեջ ենք արտաքին գերատեսչությունների հետ՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, մոտ ժամանակներս արձագանքները կլսեք:
ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՍԱԿԱՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ