Եվրանեսթում ընդունվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրանեսթի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Նա նախ շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, ովքեր միացան Հայաստանի պատվիրակության առաջարկած բանաձևի նախագծին:

«Գլխավոր նպատակը մարդու իրավունքների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումն ու դատապարտումն է: Մենք հասկանում ենք, որ սա մեկ օրում չի սկսվում և կատարվում: Ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել նախորդ դարի առաջին ցեղասպանությանը` զերծ մնալով սեփական պատմությունը խմբագրելու փորձից: Հայոց Ցեղասպանությունն արժանի է քաղաքակիրթ մարդկության դատապարտմանը», – նշեց նա:

Արտակ Զաքարյանի խոսքից հետո Ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը հայտարարեց, թե պետք է լինի հավասար վերաբերմունք բոլոր պատվիրակների նկատմամբ: «Մեր գործընկեր Արտակ Զաքարյանը խոսեց չորս րոպեների ընթացքում, ես կարծում եմ, որ պետք է հավասար վերաբերմունք լինի», – նշեց նա` հավելելով, որ իր հարցի ներկայացման ժամանակ հատկացվել էր 2 րոպե:

Ուկրաինայի մեկ այլ պատվիրակ Ալեքսեևը նշեց, որ Հայաստանը և Ուկրաինան ունեն բարեկամական և գործընկերային հարաբերություններ, սակայն մեր պատվիրակները տարբեր տեսակետներ ունեն: «Սա պայմանավորված է Հայաստանի դիրքորոշմամբ` չքվեարկել Ռուսաստանի դեմ և երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանը չի պաշտպանում Ուկրաինայի սովը», – նշեց նա:

Հիմնականում կողմ չէին արտահայտվում հենց ուկրաինացի պատվիրակները: Մյուս պատվիրակները նշում էին, որ նման բանաձև անհրաժեշտ է ընդունել և չպետք է սպասել ևս հարյուր տարի` իրերն իրենց անուններով կոչելու համար:

Նախագիծը դրվեց քվեարկության, գրանցվեց 33 կողմ, դեմ 4, զրո ձեռնպահ ձայներ և բանաձևն ընդունվեց:




Լրահոս