ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչպես է ցանկանում փոխել Սահմանադրությունը: Հենց այսպիսի տպավորություն կարելի է ստանալ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթից:

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված հիմնական կռվախնձորը կառավարման համակարգի հարցն է՝ նախագահակա՞ն թե՞ խորհրդարանական: ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական փոփոխությունները մշակող հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկել է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին: Ըստ այդմ, առաջարկվում է, որ գործադիր մարմնի ղեկավարը լինի խորհրդարանի կողմից նշանակված վարչապետը, իսկ նախագահն այս դեպքում դառնում է լիազորություն չունեցող «դեկորատիվ» պաշտոնյա:
Եվ այսպես՝ կառավարման համակարգի մասին Սերժ Սարգսյանը նախ ասել է. «Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը եւս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»: Թվում է, թե վերջ, որոշված է՝ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելին: Բայց ընդամենը մեկ պարբերություն հետո Սերժ Սարգսյանն ասել. «Կառավարման գործող (ներկայումս Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ է- Վ.Հ.) համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռեւս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարեւորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին եւ ներքին անվտանգությունը եւ կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկրի անվտանգություն ասելով կարող է հասկանալ միայն սեփական անձի եւ իր կլանի իշխանության անվտանգությունը, իսկ կայունություն ասելով հասկանում է մրցակիցների իսպառ բացակայությունը: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը կրկին շարունակում է խորհրդարանական կառավարման համակարգին կիսով չափ դեմ լինել:
Ավելին՝ Սերժ Սարգսյանը փաստացի սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող հանձնաժողովի անդամների վրա է գցել կառավարման կարգի ընտրությունը՝ նրանց հանձնարարելով՝ «Նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության եւ կայունության հետ»: Նա հանձնաժողովին հանձնարարել է նաեւ, որ նրանք իրենց մոտեցումները քննարկեն քաղաքական ուժերի հետ: ՀՀԿ-ից բացի՝ մյուս քաղաքական ուժերի ցանկը, թերեւս, կազմված է նախորդ օրը նախագահականում կազմակերպված «ֆոտոսեսիայի» մասնակցած կուսակցություններից:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի շտապում սահմանադրական փոփոխությունների հարցում հստակություն մտցնել եւ փորձում է իրավիճակը պահել անորոշ: Ավելին՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում, երբ տարբերակի ընտրությունը կկատարվի, այնպես ներկայացնել, թե իբր Սերժ Սարգսյանը չի այդպես որոշել, պարզապես հանձնաժողովը քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո եկել է եզրահանգման, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական կառավարման մոդելին, կամ պետք է պահպանվի կիսանախագահական կառավարման մոդելը, բայց ԱԺ-ի ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռեւս սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնելուց առաջ միջազգային կառույցներին խոստացել է, որ կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ Հայաստանն անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին: Ուստի, եթե Սերժ Սարգսյանը, ի վերջո, որոշի պահպանել կառավարման կիսանախագահական համակարգը, ապա նա առնվազն պետք է հայտարարի ԱԺ ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին:
Ամեն դեպքում, հարցերի հարցը դեռեւս մնում է անպատասխան՝ Սերժ Սարգսյանը, ի վերջո, պատրաստվո՞ւմ է փոխել կառավարման կարգը, թե՞ պահպանել գործողը: Նախկինում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին, կառավարման կարգի փոփոխությունը հիմնականում պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ նա այեւս չի կարող իրեն նախագահ դարձնել, ուստի իշխանությունը պահպանելու համար որոշել է դառնալ ԱԺ նախագահ, իսկ որպեսզի իշխանությունը ոչ մեկի հետ չկիսի եւ ինքը լիարժեք իշխանության կրողը լինի, որոշել է նախագահական պաշտոնը ընդհանրապես «չեզոքացնել»:
Քաղաքական դաշտում ներկայումս տիրող իրավիճակը կարող է տպավորություն ստեղծել, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչինչ չի սպառնում, եւ նա կարող է ձեւական մեկին իր փոխարեն ուղարկել նախագահական նստավայր, իսկ ինքը տեղ զբաղեցնելով խորհրդարանում՝ այնտեղից կառավարել գործադիր իշխանությունը: Սակայն փորձը ցույց է տվել, որ «վտանգները» կարող են ի հայտ գալ նաեւ անակնկալ ձեւով, անգամ՝ անսպասելի կողմից: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը դեռեւս չի կողմնորոշվում՝ պահպանե՞լ գործող կառավարման կարգը, թե՞ հայտարարել խորհրդարանականի անցնելու մասին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԿՐԿԻՆ ՄԱՐԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Հայոց հայրենիք» անունով կուսակցությունը հրապարակել է իր 2014 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը: Ըստ այդմ, 2014-ին այս կուսակցության դրամական մուտքերը կազմել են 683 հազար 762 դրամ, որից 481 հազար դրամը ծախսվել է գործուղումների վրա, իսկ 200 հազար 49 դրամը նշված է «այլ ծախսեր» տողում: Մնացորդը տարեվերջին կազմել է 2 հազար 272 դրամ: Այս կուսակցությունը չունի ո՛չ շարժական եւ ո՛չ էլ անշարժ գույք: Նշված կուսակցությունը, կամ ավելի ճիշտ՝ նրա նախագահ Անահիտ Եղոյանը ընդգրկված է եղել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի՝ 2012 թվականի ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակում` զբաղեցրել է 36-րդ տողը:

 

ՀՈՂՄԱՅԻՆ ԿԱՅԱՆ
«Արաց» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 3-ին հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի իրեն «Քաջարան» հողմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի հզորության արտադրության լիցենզիա տրամադրվի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Քաջարան» հողմային էլեկտրակայանը նախատեսվում է շահագործել Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում: «Արաց» ընկերությանը էլէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի մարտի 18-ի նիստի օրակարգում: Ըստ այդ նախագծի՝ լիցենզիան կտրվի մինչեւ 2031 թվականի մարտի 2-ը գործունեության ժամկետով, իսկ հողմային կայանի կառուցման վերջնաժամկետ կսահմանվի 2016 թվականի մարտի 2-ը:

 

ՌԵԿՏՈՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԿՈՒՄԲԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի փետրվարի 25-ին «Գ. Թադեւոսյան» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Պոլիտեխնիկ մարզական ակումբ» ՍՊԸ-ի՝ պահանջելով վերջինիցս հօգուտ իրեն բռնագանձել 100 հազար դրամ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում «Պոլիտեխնիկ մարզական ակումբի» նախագահ Սամվել Մեհրաբյանն ասել էր, որ իրենց ակումբը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի՝ Հովհաննես Թոքմաջյանի գործողությունների հետեւանքով փաստացի փակվում է: «Ամեն ինչ փոխվեց այս տարվա մարտից, երբ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Թոքմաջյանը: Իր առաջին հրամաններից մեկով նա ինձ ազատեց ՀՊՃՀ-ի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչի պաշտոնից՝ «հաստիքի կրճատում» ձեւակերպմամբ: Իսկ մի քանի օր անց «կրճատված» հաստիքով նոր մարդ ընդունեց: Սեպտեմբերի 1-ին էլ նա որոշեց չերկարացնել ՀՊՃՀ-ի ու ակումբի միջեւ գոյություն ունեցող պայմանագիրը»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԼԱՎ ԼՈՒՐ
Այսուհետ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների իրականացման համար չի պահանջվի մուտքի-ելքի, տարանցիկ, ինչպես նաեւ՝ դեպի երրորդ երկիր եւ երրորդ երկրից մեկանգամյա թույլտվություններ: Հայկական փոխադրողից թույլտվություն կպահանջվի միայն ոչ անդամ երկրից Մաքսային միության անդամ երկիր եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելիս:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ գահակալության տարեդարձի կապակցությամբ: «Հայաստանը բարձր է գնահատում Սուրբ Աթոռի հետ տարբեր ոլորտներում առկա կառուցողական երկխոսությունն ու քրիստոնեական նույնակունք արժեհամակարգից սերող բազմաբովանդակ երկկողմ կապերի ընդլայնումը: Մեծապես ակնկալում ենք, որ մշտապես բարձր մակարդակի երկխոսությամբ աչքի ընկնող մեր առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն իրենց վերընթաց զարգացումն ու ամրապնդումը համագործակցության այն բարի ավանդույթներով, որոնք ձեւավորվել են Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ»,-ասված է ուղերձում:

 

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ` ԱՄՆ-ՈՒՄ Է
Ինչպես հայտնի է` «Ժառանգություն» կուսակցությունից Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը գնացել էին միայն Ռուբեն Հակոբյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Yerkir.am-ը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձել է ճշտել, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր գնացել նախագահական: «Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, ԱՄՆ-ում է: Այս պահին այստեղ չէ, եթե այստեղ լիներ, կհանդիպեր, արդյոք, թե չէ, դա արդեն այլ հարց է, որի պատասխանը ես չունեմ, բայց այս պահին նա այստեղ չէ»,- ասել է Մարտիրոսյանը:

 

ԱՌԱՆՑ ՀՐԱՅՐԻ ԻՆՉ ԿԻՊՐՈՍ
Ապրիլի 1-ից 4-ը Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հրավերով Նիկոսիա կմեկնի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:




Լրահոս