ԻՆՉՊԵՍ Է ԱՊԱՀՈՎՎԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 տարի առաջ՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը «հաղթանակ» տարավ: Թեեւ միջազգային հանրությունն անմիջապես հայտարարեց, որ ընտրություններում արձանագրված խախտումները չեն ազդել ընդհանուր ելքի վրա, միեւնույնն է, հայ հասարակության համար դա ուղենշային չեղավ: Ոչ միայն ժողովուրդը, այլեւ օտար դիվանագետներն ու տարատեսակ ներկայացուցիչներն էին լավ հասկանում, որ իշխանության թեկնածուի հաղթանակն ամենեւին էլ ազատ ընտրությունների միջոցով չէ, որ տեղի էր ունեցել: Այդպիսի փաստագրումներից մեկն էլ «Վիկիլիքսի» կողմից հրապարակված զեկուցագիրն է, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինս քննարկում է ընտրությունների ընթացքը՝ կենտրոնանալով վերահաշվարկի գործընթացի վրա, ինչը ընտրությունների կեղծված լինելու առհավատչյան էր:

Այսպես՝ ամերիկացի դիվանագետը տեղեկացնում է, որ ընտրությունների բողոքարկումից հետո նշանակված վերահաշվարկն ընդամենը մի քանի տեղամասերում չփոխեց ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական արդյունքների ընդհանուր պատկերը: Դրանով հանդերձ՝ Փենինգտոնն ուշադրություն է հրավիրում վերահաշվարկի գործընթացի վրա, որը զուգակցվել էր հակասություններով ու բռնություններով, ինչն էլ չի կարող լուրջ ազդեցություն չունենալ թերահավատ հայության վրա, թե իբր ընտրություններն անցել են արդար, եւ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլով:
Հեղինակը նկատում է, որ պաշտոնական տվյալներով անգամ մի շարք տեղամասերում կատարված վերահաշվարկի տվյալներով ձայների գերակշիռ անկում ունեցել է հենց Սերժ Սարգսյանը: Դիվանագետը փաստում է, որ քվեարկության պատկերի շեշտակի փոփոխություն է արձանագրվել երկու տեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը կորցրել է մոտավորապես 500 ձայն: Ուշագրավ է, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անձամբ է դիտարկումներ անցկացրել ընտրատեղամասերում, սակայն Դավիթաշենում տեղակայված 5-րդ տեղամասում նա ականատես է եղել իր իսկ բնորոշմամբ՝ քաոսային տեսարանների: Ըստ հեղինակի՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ տեղամասային հանձնաժողովի անդամները հակված չէին վերահաշվարկ անցկացնելու: Ձգձգելու մի շարք փորձերից հետո թեժ բանավեճ էր սկսվել հաշվարկ անել ցանկացողների ու դրան ընդդիմացողների միջեւ: Քանի որ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե հիվանդ է ու լքել էր տեղամասը, նրա տեղակալը հրաժարվում էր բացել քվեատուփը: Հետաքրքիր է, որ 2 ժամ տեւած վեճերից հետո ամերիկյան կողմը հեռախոսային հաղորդագրությամբ խնդրել է այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, այնժամ Սերժ Սարգսյանի խորհրդական Լեւոն Մարտիրոսյանին միջամտել ու հանգուցալուծել փակուղային իրավիճակը:
Դիվանագետը հայտնում է, որ այդ դրության պայմաններում «Ժառանգության» ներակայացուցիչը հանկարծակիորեն բացել է քվեատուփը եւ դուրս հանելով Սերժ Սարգսյանի օգտին արձանագրված քվեաթերթիկների տրցակը՝ ամենավերեւում հայտնաբերել Տեր-Պետրոսյանի օգտին արված քվեարկությունը: Հաշվարկ կատարել չցանկացողներն անմիջապես հափշակել են տրցակը եւ կանխել վերահաշվարկի սկսումը: Ամերիկացին հայտնում է, որ մեկ ժամ անց մի քանի սեւ գույնի ջիպ տեսակի մեքենաներ են մոտեցել տեղամասին: Կաշվե բաճկոններով ավելի քան 20 հաղթանդամ երիտասարդներ, դուրս ցատկելով մեքենաներից, հապճեպորեն ներխուժել են շենք, իսկ տեղում կարգուկանոն պահպանող ոստիկանը ոչ մի կերպ չի միջամտել: Ընդդիմադիր մի շարք պատգամավորներ ու Լեւոն Մարտիրոսյանը եւս եկել են տեղամաս: Մթնոլորտի թեժանալու հետ ամերիկացի դիվանագետը շտապ լքել է տարածքը, ինչից հետո հեռախոսով տեղեկացել, որ «բանդիտներն ուղղակի ֆիզիկապես տեղամասից դուրս են նետել ընդդիմադիր անդամներին» եւ իրենց վերահսկողությունը հաստատել քվեատուփերի վրա: Արդյունքում՝ նորմալ վերահաշվարկ տեղի չի ունեցել, թեեւ հանձնաժողովի անդամները հակառակն են պնդել:
Մեկնաբանելով անմիջականորեն իր մասնկացությամբ տեղի ունեցած հանցագործությունը՝ Փենինգտոնը համոզված է, որ վերոնշյալ տեղամասի օրինակը հաշվի առնելով՝ անհնար կլինի համոզել հայությանը, որ իրենց ձայները արդարաբար են հաշվվել: Հեղինակը համոզված չէ՝ արդյո՞ք տեղի ունեցածի հրահանգը իջեցվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն վստահ է, որ Սարգսյանի թիմը բավարար քայլեր չի ձեռնարկել բռնությունները կանխելու համար: Դիվանագետն իշխանությունների խնդիրն է համարում այն, որ վերահաշվարկի ժամանակ ծագած բարդությունները միայն ու միայն ավելի են ամրապնդում բազում ընտրողների համոզվածությունն առ այն, որ ամեն միջոց ձեռք է առնվել՝ իշխանության հաղթանակը ապահովելու ու երկրորդ փուլից խուսափելու համար: «Գործընթացների հանդեպ հիմնարար անվստահությունն է, որ մարդկանց պահում է փողոցներում ու մեծացնում բախման վտանգը»,- նշել է դիվանագետը:
Ամփոփելով Փենինգտոնի զեկուցագիրը՝ հարկ է նկատել, որ դեպքերի վերոնշյալ նկարագրությունը միայն մեկ մասնիկն է այն բոլոր ապօրինությունների ու զեղծարարությունների, որոնք տեղի էին ունեցել քվեարկության ու դրան հաջորդած մի քանի օրերին: Սերժ Սարգսյանի հանդեպ լավագույնս տրամադրված լինելով հանդերձ՝ ամերիկացիներն անգամ անկարող են եղել թաքցնել իրականությունը, երբ սեփական աչքով են ականատես եղել հայկական «ավանդական» դարձած ընտրությունների ընթացքին: Ինչպե՞ս է պետք անվանել այն խմբակին, որը Սահմանադրությունն ու օրենքները ոտնահարելով՝ տիրացել է պետական իշխանությանն ու այսօր խոսում է հասարակական հարաբերությունների սահմանադրականացման մասին, իսկ «թայֆայականությամբ ու ապօրինություններով» կեղծելով ընտրությունները՝ այսօր ուրիշին մեղադրում է իր իսկ հովանավորած հանցանքներում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵԺ ԿԱՆՑՆԵՆ

Այս կիրակի ՀՀ տարբեր մարզերի համայնքներում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Կոտայքի մարզի երկու համայնքներում` Բջնիում եւ Աղավնաձորում, նախատեսվող ընտրությունները խոստանում են բուռն ընթացք ունենալ: Նշենք, որ Աղավնաձորում առաջադրված թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ-ական՝ գործող գյուղապետ Մխիթար Դանիելյանը եւ Ռոմեր Ալեքսանյանը: Ի դեպ, առաջադրված թեկնածուները ոչ միայն կուսակիցներ են, այլեւ մտերիմ ազգականներ:

«Ժողովուրդ»-ը այցելեց Աղավնաձոր եւ ընտրությունների շուրջ զրուցեց տեղի բնակիչների հետ: Աղավնաձորցիները մեզ հետ զրույցում դժգոհեցին՝ նկատելով, որ իրենց դժվար ընտրության առաջ են կանգնեցրել: Իսկ տարեցներից մեկն էլ ասաց. «Մխիթարը Ռոմերի հորքուրի տղան է, հիմա իրար դեմ են դուրս եկել, մեզ էլ կրակն են գցել: Ճիշտն ասած՝ Մխոն (խոսքը գործող գյուղապետի մասին է) գյուղի համար մինչ օրս մի կարգին բան չի արել: Իսկ Ռոմն էլ կռված տղա է: Չգիտեմ, թե ինչ ասեմ»:
Աղավնաձորում լուրեր են պտտվում այն մասին, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը չի սատարելու գործող գյուղապետի թեկնածությունը, քանի որ վերջինս նախկին մարզպետի «հետեւորդներից» է: Ցավոք, մեզ չհաջողվեց հանդիպել եւ զրուցել առաջադրված թեկնածուների հետ, քանի որ նրանք գյուղից բացակայում էին:
Անդրադառնանք Բջնիին. այստեղ առաջադրված թեկնածուները երեքն են՝ կրկին գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արմեն Մաթեւոսյանը, անկուսակցականներ Սուրեն Հարությունյանը եւ Ռազմիկ Հակոբյանը: Սակայն Բջնիում, ի տարբերություն Աղավնաձորի, երեք թեկնածուներն էլ համերաշխ են:
Տեղեկացնենք, որ գործող գյուղապետն արդեն 6-րդ անգամ է առաջադրվում: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ շատ գործեր դեռ չի հասցրել ավարտել, ինչը եւ ցանկանում է անել` վերստին ընտրվելու դեպքում:
Մյուս թեկնածուն` 26-ամյա անկուսակցական Սուրեն Հարությունյանը, մինչ գյուղապետի թեկնածու առաջադրվելը, ավագանու անդամ էր: Նրա խոսքերով՝ հատկապես անմխիթար վիճակում են գտնվում գյուղի ճանապարհները, աղբահանությունը, իսկ գիշերային լուսավորություն առհասարակ չկա: Սրանք այն խնդիրներն են, որոնք, ըստ թեկնածուի, հրատապ լուծման կարիք ունեն: Իսկ երրորդ թեկնածուն՝ Ռազմիկ Հակոբյանը, մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է, եւ ոչ մի լարվածություն չկա: Ի դեպ, նա մեծ հույսեր ունի, որ հենց ինքը կընտրվի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կոտայք

 

 

 
ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գյուղի այգիների հրդեհման գործով պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Գյուղապետն ասաց, որ հրդեհի վնասների հետ կապված քրեական գործի քննությունը անհարկի կերպով ձգձգվում է: Նա տեղեկացրեց, որ քրեական գործի քննությունը կատարում է Բերդի քննչական բաժնի քննիչը: «Վերջերս մեկից նոր ցուցմունք են վերցրել, հիմա էլ այդ պատճառաբանությամբ են գործը ձգձգում»,- նշեց Կ. Չոբանյանը: Նա նկատեց, որ խնդիրը տարբեր լրատվամիջոցներ լուսաբանել են, վերջերս էլ Հանրային հեռուստատեսությունն է այդ մասին ռեպորտաժ պատրաստել, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: Գյուղապետի վկայությամբ՝ սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց իրավունքները պաշտպանելու համար պատրաստ են տարբեր, ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցների դիմել:
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ, անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ էր բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել պտղատու եւ խաղողի այգիներին: Սկզբում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների, հետո՝ 37 ընտանիքի պատկանող 6.8 հա այգու մասին: Հավելենք, որ «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, եւ միայն հրդեհից հետո է Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել շինթույլտվություն:
Կ. Չոբանյանի համոզմամբ` գործն այնպես է տարվում, որ հրդեհի միակ մեղավոր համարվի եռակցման աշխատանքներ կատարած բանվորը, ում սեփականության իրավունքով պատկանում է ընդամենը 1 հա հող: Նման ունեցվածքով եռակցողը, բնականաբար, չի կարող փոխհատուցել գյուղացիների հրդեհված այգիների կորուստը: Կ. Չոբանյանը կարծում է, որ «Եղվարդշինի» տնօրենը հովանավորներ ունի, այդ պատճառով էլ գործի քննությունը չի ավարտվում, եւ գյուղացիների խնդիրը չի լուծվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Նիկարագուայի ԱԳՆ տեղակալ Լուիս Ալբերտո Մոլինային: Հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության եւ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածութուն է ձեռք բերվել Երեւանում եւ Մանագուայում համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու մասին:




Լրահոս