ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

Երեկ Կառավարության շենքի դիմաց տաքսու մի քանի վարորդներ հավաքվել էին՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից պահանջելու ստուգայցեր կատարել` անօրինական աշխատող տաքսիներին հայտնաբերելու համար: Բացի այդ, ներկաները դժգոհում էին նաեւ լիցենզավորման նոր կարգի կիրառումից, որով նախատեսվում է պարտադիր հաշվիչ մեքենաների տեղադրում:

 

 

 
ՀԱՐՑ. Ավտոտեխզննման ժամկետը լրանում է, սակայն մեքենան կանգնած վիճակում է: Այժմ պետք է գույքահարկի վճարումներ կատարեմ: Կցանկանայի տեղեկանալ՝ եթե մեքենան կանգնած վիճակում է, չի շահագործվում, ապա տվյալ դեպքում ավտոտեխզննում չանելու համար որեւէ տուգանք սահմանվա՞ծ է: Խնդրում եմ պարզաբանեք նաեւ՝ գույքահարկը տվյալ դեպքում նույնպե՞ս կավելանա, թե՞ նույն չափով պետք է վճարեմ, ինչ նախկինում:

Սարգիս Մելոյան (39 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ ժամանակին չմուծված հարկի 0.15% չափով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական պատասխանատվություն է նախատեսված ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցի վարելու համար, իսկ չշահագործվող տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության չներկայացնելու համար գործող օրենսդրության համաձայն` պատասխանատվություն նախատեսված չէ:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե իրավաբանական անձը ցանկանում է ստանալ պետական գրանցում, ապա դրա մերժումը ո՞ր դեպքում կարող է հիմնավոր համարվել:

Արամ Վարդանյան (30 տարեկան, փաստաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`
ա) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթեր չներկայացնելը.
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին.
դ) նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը.
ե) ֆիրմային անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է, եւ անձը չի ներկայացրել այլ անվանում:
Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, ըստ նշված կետերի՝ անհամապատասխանություն ունենալու դեպքում իրավաբանական անձի գրանցման հիմքերը կարող են մերժվել: Սակայն, ինչպես միշտ, քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց անհարկի գցում են թղթաբանության ետեւից, եւ, ի վերջո, հարցերը լուծում ավանդական` «գումարային» թղթաբանության միջոցով:




Լրահոս