«Ա1+»-Ը՝ ՆՈՐԻՑ ԵԹԵՐՈՒՄ
10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սեպտեմբերի 10-ից կհեռարձակվի «Արմնյուզ»-ի եթերով: Ամեն օր՝ ժամը 21-ին, այդ հեռուստաալիքով կհեռարձակվի «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական հաղորդումը: ««Արմնյուզ»-ը չի միջամտելու այդ թողարկումների խմբագրական քաղաքականությանը,-նշել է «Արմնյուզ»-ի գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանը` տեղեկացնելով,-պայմանագիրը կնքվում է 1 տարով եւ կերկարացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ»:
ԼԻՆԵՆՔ ՈՒԺԵՂ
«Ադրբեջանն իր կատարած քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի եւ մարդկության առջեւ: Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է տվյալ երկրի մտածելակերպի մասին: Աշխարհը գիտի, որ պատերազմում հաղթողը մենք ենք եղել: Հաշվի են նստում ուժեղի, հզորի հետ: Դրա համար պետք է մենք կարողանանք ուժեղ լինել, որ խաղաղ պայմաններում մեր բոլոր խնդիրները լուծենք»,-անդրադառնալով Սաֆարովի ազատ արձակմանը` ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԲԱՐՈՒՄ
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,-ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի բողոքի նամակում` ուղղված Հունգարիայի նախագահին: Արամ Ա-ն Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների այս քայլը գնահատել է որպես «միջազգային օրենքի եւ արդարության սկզբունքների բռնաբարում»: Վեհափառ հայրապետի նամակը պաշտոնապես փոխանցվել է Լիբանանում Հունգարիայի դեսպանին:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է: Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին, եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԷԼ ԽՈՍԵՑ
Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը, երեկ ասել է. «Մենք խորապես ցավում ենք վերջերս Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների սրման համար: Վստահ ենք, որ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է ելք դառնան այս դժվար իրավիճակում»: Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան, որպես ԵԱՀԿ-ի ապագա նախագահող պետություն, կձգտի ազդել կազմակերպության անդամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։
ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երեկ երկու ամսով կալանավորվել է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եւ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայր Կարեն Խաչիկյանը: Վերջինս կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը զգալի չափերի վնաս է պատճառել:
Ախթալայի քաղաքապետ Հ. Խաչիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «հարձակվողներից մեկը՝ Էդգար Հովհաննիսյանը, ինքնակամ հանձնվել է, իսկ մյուսները փախուստի մեջ են»: Հիշեցնենք, որ վերջերս հարձակում էր եղել քաղաքապետի բնակարանի վրա, կրակոցներ էին արձակվել նրա տան ուղղությամբ: Ըստ Հայկազ Խաչիկյանի՝ կրակողը մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն է եղել (մականունը` Բոդոլ): Հարցին, թե ինչու չեն ձերբակալում Չիթչյանին, Խաչիկյանը պատասխանեց. «Ինձ ոստիկանությունն ասում է, թե սպասեք, զբաղվում ենք, դե մենք էլ սպասում ենք»: