«Ա1+»-ը հրապարակել է «Բանդիտական Երևան» վերնագրով քաղաքացու նամակը, որը ներկայացնում ենք ստորև.
«Որբացած» ՀՀԿ-ն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը զուտ քրեական հաշվեհարդար չէ։ Այն ՀՀԿ-ի «անձնական» ողբերգությունն է։ Մահացածներից Երրորդմասցի Լյովիկը ՀՀԿ երկու բարձրաստիճան դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի «վստահված անձն» էր համապետական և մայրաքաղաքային ընտրություններում, այսպես ասած, մայրաքաղաքում ընտրությունների «զոն նայողներից» էր։
Ինչպես «ծնվեց» երրորդմասցի Լյովիկը
Եվ այսպես ի՞նչ է նախորդել այդ սպանությանը։ Դրա համար պետք է հասնենք հեռավոր 90-ականներ, երբ Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկը) մանկության ընկերոջ հետ գնում է Մոսկվա հորեղբորորդու՝ Պզոյի՝ Արմեն Ղազարյանի մոտ։ Երկու ընկերները մտադիր էին այնտեղից վերադառնալ օրենքով գողի կարգավիճակով։ Սակայն Մոսկվան գող կարգվելու նրանց «արցունքներին» չի հավատում։ Ձեռնունայն վերադառնալուց հետո Լևոն Ղազարյանը թշնամանում է մանկության ընկերոջ հետ, որի անունը և թշնամանքի պատճառները մեզ հայտնի չեն։ Հայտնի է, որ Երևանում Լևոնը մտերմանում է չարբախցի Տիկոյի հետ։ 90-ականների վերջին այս երկուսի մտերմությանը որպես խոչընդոտ խառնվում է Բազարի Կյաժը, որն իր հերթին խնդիրներ է ունենում Մհեր Պողոսյանի՝ կոնդեցի Մհերի՝ Մըգըստի, հետ։ Մըգըստն արդեն ի գիտություն էր ընդունել Կյաժի առավելությունն իր հանդեպ, սակայն Լևոնի հետ մտերմությունը նրան թևեր է տալիս։ Այդ ընթացքում Մհերը 1997-ին սպանում է Արամ Սահակյանին՝ բազարի Կյաժը, որն այդ ժամանակ 3-րդ մասի շուկայի տնօրենն էր, որից հետո Լևոնի և Մհերի ընկերությունը թևակոխում է նոր փուլ։ Կյաժի սպանվելուց հետո Շենգավիթ համայնքն «ազատվում» է Լևոն Ղազարյանի վերջին խոչընդոտից որպես համայնքի համար մեկ քրեական հեղինակություն։ Սակայն Լևոնը մտմտում է չարբախցի Տիկոյից նույնպես ազատվելու մասին։ 2000-ականներին նրանց միջև արդեն սև կատու էր անցել, որի էությունը մեզ հայտնի չէ։ Հայտնի է, որ Լևոնն ընկերություն է հաստատում մեկ այլ չարբախցի Տիկոյի՝ Ցիպի հետ, որը անհաջող մահափորձ է իրականացնում քրեական անվանակցի հանդեպ։ Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ առաջին չարբախցի Տիկոյի մորաքրոջ որդին՝ Էդոն, գնդակահարում է Ցիպին։ Ի դեպ, Էդոն մի քանի ամիս առաջ է ազատվել ՔԿՀ-ից:
«Տեցի կռուգ»-ը որպես Երրորդմասցի Լյովիկի հզորության կնքադաշտ
Իսկ ահա Լևոն Ղազարյանի՝ երրորդմասցի Լյովիկի վաղեմի ընկեր և արդեն հակառակորդ դարձած Տիկոն, լավ հասկանալով, որ Լյովիկը իրեն հանգիստ չի տալու և իր դեմ պարբերաբար սրացումները տեղի են ունենում Լյովիկի դրդմամբ, Մաշտոցի պող. «Մալիբու» սրճարանի դիմաց, մահափորձ է կատարում Լյովիկի նկատմամբ։ Լյովիկի կողմից պատասխան հարված է տալիս Ցիպի քեռու տղան, ով փորձում է սպանել Տիկոյին, որի արդյունքում զոհվում է մեկ ուրիշը՝ Շենգավիթցի Հայկոյի որդի Արթուրը: Այս ամենի արդյունքում Տիկոն հեռանում է Հայաստանից: Երրորդմասցի Լյովիկը երբեք էլ չի կասկածել,, որ Տիկոն գալու է իր հետևից։ Եվ ամեն անգամ, երբ տեղեկանում է, որ Տիկոն Երևանում է, ինքը ավելացնում է իր թիկնազորը։ 2000-ականների կեսերից երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են նրա և Գաստիկի՝ Վահան Հակոբյանի ճանապարհները: Վահանը հանցագործ աշխարհում ընդունված անձնավորություն էր, և առանձնապես տպավորված չէր երրորդմասցի Լյովիկով։ Նա մերժում է Լևոնի նույն թիմում լինելու և միասին գործելու առաջարկը: Բնականաբար, Լևոնը չի կարող սա «կուլ տալ»՝ Շենգավիթում դեռ կա մեկը, ով իր թրի տակով չի անցել։ Լյովիկի «աստեղային» ամենալուրջ «հայտնությունը» «Տեցի կռուգի» պատմությունն է: 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տևած կրակոցների հետևանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը՝ չարբախցի Մհերիկը, և վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր։ Լևոնը ձերբակալվում է և մեկ տարի անց ազատ է արձակվում: Սակայն քիչ անց նրան նորից են ձերբակալում «Նովիկով»-ի վրա մահափորձ անելու համար, ով «ՏԵՑ-ի կռուգում» Մհերիկի ենթադրաբար սպանողն էր:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում