Սևանի բժշկական ուսումնարանն անսպասելի փակվել է. ո՞վ պետք է պատասխան տա անփութության և ուսանողների` փաստի առաջ կանգնելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ օրինական լիցենզիա չունենալու հիմնավորմամբ, երկու օր առաջ փակվել է Սեւանի բժշկական ուսումնարանը եւ դրա Վարդենիսի մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատությունները գործում են 1999 թվականից: Մինչեւ 2013թ. հունիսը Սեւանի ուսումնարանը եւ նրա մասնաճյուղը գտնվել են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ, իսկ 2013-ի հունիսից ուսումնական այդ հաստատություններն անցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության ներքո:

Հենց այս փոփոխությունից հետո էլ Սեւանի ուսումնական հաստատությունում ստուգումներ են անցկացվել, եւ պարզվել է, որ նրա փաստաթղթերը օրենսդրությանը չեն համապատասխանում ու, ի վերջո, որոշվել է փակել այն: Իսկ ինչ պետք է լինի ուսումնարանի սաների ու շրջանավարտների հետ, որոնք, ըստ էության, կեղծ դիպլոմներ են ստացել, հայտնի չէ: Ի վեջո, ուսանողը որտեղի՞ց պետք է իմանար, որ մեկուկես տասնամյակից ավել գործող ուսումնական հաստատության փաստաթղթերը նորմալ վիճակում չեն, որտեղից պետք է երիտասարդները իմանային, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի օր կարթնանա եւ կորոշի փակել իրենց ուսումնարանը` առանց իրենց խնդրին լուծում տալու:

Սա պետական մակարդակով իրականացված խաբեություն է, եւ էական չէ՝ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների չինովնիկները, թե ուսումնարանի տնօրինությունն է մեղավոր: Փաստն այն է, որ ուսումնական հաստատությունը տարիներ շարունակ գործել է, եւ մարդիկ գնացել, այնտեղ ընդունվել են, վճարել են, որպեսզի ուսում ստանան, այնուհետեւ մասնագետ դառնալով՝ հասարակության մեջ իրենց տեղն ու դիրքը զբաղեցնեն, բայց ինչ-որ մարդկանց փնթիության պատճառով այդ հեռանկարից զրկվել են: Հիմա ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն, ո՞վ պետք է հայտնվի ճաղերի հետեւում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս