ՄԵՐ Չ՛ԴԵՍՊԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Ռուսաստանը մեր գլխավոր ռազմավարական գործընկերն է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող անդամ, ինչպես մանկությունից մեզ ներշնչել են՝ տարածաշրջանում մեր միակ դաշնակիցը, նշանակում է՝ չափազանց կարեւոր է դառնում այդ երկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեպանի գործառույթը, մեծանում են պատասխանատվությունն ու աշխատանքի ծավալները: Սրան գումարենք նաեւ այն, որ ՌԴ-ում ապրում է մոտ 1 մլն հայ, որոնց մի մասը համարվում է բնիկ: Բայց, սկսած Արմեն Սմբատյանից, մեր բախտը դեսպանների հարցում չի բերում:
Այդ առումով Ա. Սմբատյանը «հաջող» ընթացք ունեցավ, ինտեգրվեց ռուսաստանյան բիզնես դաշտին, հետո էլ դարձավ միջպետական հիմնադրամի ղեկավար: Իսկ Սմբատյանին էլ փոխարինելու եկավ Օլեգ Եսայանը: Թե ինչու Սերժ Սարգսյանն այս խիստ կարեւոր դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար նշանակեց Եսայանին, անմիջապես հասկանալի է դառնում. Եսայանը ղարաբաղցի է, ծնվել է Մարտունու շրջանի Սոս գյուղում: Պարզ է նաեւ նպատակը՝ ՌԴ-ում օրավուր բարգավաճող հայ օլիգարխիայի շրջանակ ներմուծել հայրենակցին, նրա միջոցով ստանալ կարեւորագույն տեղեկություններ՝ այդ դաշտը վերահսկելի դարձնելու համար: Հայաստանյան իշխանությունների գերխնդիրը, պարզվում է, ոչ թե օտար երկրներում սեփական դիվանագիտության իրագործումն է, պետական շահերի ներկայացումն ու պաշտպանությունը, այլ ֆինանսական դաշտի վերահսկումը…
Իսկ Օ. Եսայանը ֆինանսներից վատ չէ, քանի որ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Բայց ավարտելուց հետո ոչ թե նվիրվել է տնտեսագիտությանը, այլ 1970-72թթ. աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի գործկոմում, հետո էլ անցել կոմերիտական աշխատանքի՝ շուրջ 2 տարի հայրենի շրջանի կոմերիտական կառույցների հետ առնչվելով: Բանակում չի ծառայել՝ հավանաբար խորը ատելություն ունենալով խորհրդային բանակի նկատմամբ… Կոմերիտական աշխատանքից հետո շատերն անցնում էին կուսակցական աշխատանքի, բայց ահա Եսայանը ոչ թե կուսշրջկոմ է գնացել, այլ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, որտեղ աշխատել է 15 տարի՝ մինչեւ 1989թ.: Հենց 1989-ին էլ նշանակվել է ԼՂ հատուկ կառավարման կոմիտեի բաժնի վարիչ: Այսինքն՝ Արկադի Վոլսկու ղեկավարած կառույցում եղել է բաժնի վարիչ: Թե ինչ գործունեություն ծավալեց այս կառույցը եւ ինչով նպաստեց խաղաղության ու արդարության հաստատմանը, հավանաբար պետք չէ քննարկել, որովհետեւ դա Գորբաչովի կողմից հորինված մի կառույց էր, որի նպատակն էր լռեցնել Արցախից հնչող անհնազանդության կանչերը եւ նպաստել յուրատեսակ հայաթափմանը:
Ընդամենը 2 տարվա ընթացքում Եսայանն այս կոմիտեի բաժնի վարիչի պաշտոնից փոխադրվեց կոմկուսի Մարտունու շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնին: Այն ժամանակաշրջանում, երբ կոմկուսը ողջ ԽՍՀՄ-ում լիակատար պարտություն էր կրում եւ հեղինակազրկվում, առաջին քարտուղարի պաշտոնից Օ. Եսայանը տեղափոխվեց ԼՂ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնին, որից հետո էլ մոտ 8 ամիս ԼՂՀ առաջին վարչապետն էր: Զարմանալի էր, բայց ստացվեց այնպես, որ ԼՂՀ առաջին վարչապետին «մոռացության» տվեցին, 1993-ին նա տեղափոխվեց Արցախի պետական համալսարան, աշխատեց որպես ամբիոնի վարիչ, դեկան, հետո էլ՝ պրոռեկտոր: Դե, ուներ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, հո ձեռքերը ծալած չէ՞ր նստելու… Ասում են՝ նա ինչ-ինչ հակասություններ ուներ իշխանությունների հետ: Սակայն այդ հակասությունները շուտով հարթվեցին, եւ 1996թ. Եսայանը նշանակվեց ԼՂՀ վիճակագրության, պետռեգիստրի եւ անալիզի պետական վարչության պետ: Ճիշտ է, նա կարճ պաշտոնավարեց, սակայն եթե հիշենք, թե ԼՂՀ-ի համար սա ինչ ժամանակաշրջան էր, երբ հաշվված օրերի ընթացքում որոշ պետական չինովնիկներ հարստանում էին, ձեռք բերում ահռելի ունեցվածք, կհասկանանք, որ Եսայանն էլ անմասն չի եղել այս ամենից: Եթե ոչինչ էլ չլիներ, գոնե Երեւանում ձեռք բերեց շատ լավ բնակարան, հարստացրեց իր անձնական «մեքենապարկը»՝ վարելով շատ թանկարժեք մեքենա…
1997-ից մինչեւ 2005-ը Եսայանը զբաղեցրեց ԼՂՀ ԱԺ նախագահի պաշտոնը (յուրատեսակ ռեկորդ): Նա ԱԺ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: Այսինքն՝ Քոչարյանին պետք էր Ղարաբաղում վստահելի մարդ ունենալ, հեռվից վերահսկելի պահել Արցախը: Այդ տարիներին մենք հաճախ ենք տեսել Եսայանին Երեւանում՝ թանկարժեք մեքենայով, թանկարժեք կոստյումներով, իսկ Արցախում էլ շշուկով խոսում էին նրա՝ Ղրիմում ունեցած կալվածքի մասին… 2005-ին Ռ. Քոչարյանը Եսայանին բերեց Հայաստան եւ նշանակեց արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ: «Բերել» բառը պետք է մի քիչ պայմանականորեն օգտագործել, քանի որ Եսայանը վաղուց էր հիմնավորվել Երեւանում՝ այստեղ, բացի բնակարանից, ձեռք բերելով նաեւ բիզնես նշանակության մի քանի տարածքներ: 2006-ի հունիսին Քոչարյանի հրամանագրով Եսայանը նշանակվեց Բելառուսի Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: Նրան շնորհվեց արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան: Թե որտեղ Եսայանն անցավ դիվանագիտական դպրոց, ոչ ոք չգիտի: Ասենք, պետք էլ չէ իմանալ, որովհետեւ Հայաստանն ապացուցել է, որ դիվանագետ լինելու համար պետք չէ դիվանագիտական դպրոց անցնել: Նկատենք, որ Բելառուսում մեր դեսպանությունը բացարձակ անգործության մատնված կառույց է, քանի որ այդ երկրի հետ մեր հարաբերությունները կարգավորվում են ոչ թե դիվանագիտական, այլ կուսակցական-առեւտրային կապերի միջոցով՝ բացարձակ ավելորդ դարձնելով դիվանագիտական ծառայությունը:
Ս. Սարգսյանի հրամանագրով  Օ. Եսայանը փոխարինեց Ա. Սմբատյանին՝ այս անգամ արդեն իր «փայլուն» դիվանագիտական ունակությունները Մոսկվայում դրսեւորելու համար: Այս նշանակումից պարզ դարձավ, որ ՌԴ-ում մեր դեսպանի պաշտոնը երկրի նախագահը դիտարկում է որպես թոշակառուին տրվող պարգեւ, քանի որ 61 տարեկանում դիվանագիտական կարիերա չեն ստեղծում: Իսկ Եսայանն արդեն 62 տարեկան է… Թե այսօր իրենից ինչ է ներկայացնում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, շատերը գիտեն: Դա բոլորի կողմից անտեսված մի կառույց է, որի ղեկավարին ՌԴ արտգործնախարարությունում ոչ թե առաջին դեմքերն են ընդունում, այլ ընդամենը վարչությունների պետերը կամ նրանց տեղակալները: Էլ չենք խոսում այն մասին, որ մտնելով դեսպանատուն՝ Եսայանը հարձակում գործեց Մոսկվայի հայկական թատրոնի վրա, որն ապաստանում էր այստեղ, հեռացրեց թատրոնը, գրեթե խզեց կապերը ՌԴ հայկական մշակութային կառույցների հետ, անտեսեց ՀՀ քաղաքացիների իրավունքները: Տեղի ունեցող բազմաթիվ միջէթնիկական բախումների, ՌԴ-ում ձեւավորվող հայկական քսենոֆոբիայի երեւույթների, Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների փաստերը դեսպանին չեն հետաքրքրում. նրան չհետաքրքրեց նաեւ Կրասնոդարի երկրամասում բնական աղետի հետեւանքով տուժած ավելի քան 5.000 հայ ընտանիքների  ճակատագիրը…
Մի խոսքով, Եսայանի պաշտոնը հիշատակելիս հարկավոր է օգտագործել չդեսպան ձեւը: Դա ավելի ճիշտ կլինի…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս