
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մասնավորապես հավաքականներում ընդգրկված շախմատիստների հունվար և փետրվար ամիսների վճարումները սովորականից էականորեն պակաս են եղել: «Ժողովուրդ»-ին այս հարցի շուրջ շախմատի ֆեդերացիայից պարզաբանեցին, որ չվճարված գումարները եղել են շախմատիստներին տրվող դրամական «օգնությունները», և դրանք կապ չունեն նրանց աշխատավարձերի հետ:
Մեր տեղեկություններով՝ «օգնության» գումարը գոյանում է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, «Զանգեզուրի ՊՄԿ»-ի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի հատկացրած միջոցներից: Շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված գործարարներն «օգնության» հետ կապ չունեն: «Այդ գումարը պետք է ՌԴ-ից գա: Դրանք միշտ վճարվում են, ուղղակի այս անգամ տարեսկզբին որոշ դժվարություններ առաջացան: Բայց տասն օրվա ընթացքում կվճարենք»,- վստահեցրել է Թավադյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։