ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտեք, թե ինչ է նշանակում, երբ հանրապետության ղեկավարը շրջապատված է սուտասաններով: Դա նշանակում է, որ նրանք վարկաբեկում են թե՛ իրենց նախագահին, թե՛ ապացուցում, որ իշխանությունները գործում են միայն ստի ու կեղծիքի փորձված կանոններով: Երեկ եւս մեկ անգամ սրանում համոզվեցին Գյումրին ներկայացնող բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցները, երբ Սերժ Սարգսյանի` Գյումրի այցելության ժամանակ ՀՀ նախագահի լրատվության աշխատակիցների միջոցով մեզ  հրամցվեց տարածված ու չարչրկված այն տրաֆարետը, թե «Սերժ Սարգսյանը խնդրել է իրեն չմոտենալ, նա չի խոսի, հարցազրույց նախատեսված չէ», բայց փոխարենը կազմակերպիչները ջանասիրաբար աշխատեցին, որ մայրաքաղաքային մի քանի ընտրյալ լրատվամիջոցների լրագրողներ, որոնք նախագահական շքախմբի հետ եկել էին Գյումրի՝ երեւի նրա բարի գործերը տեսնելու եւ թմբկահարելու համար, «բախտ» ունեցան նաեւ նրա հետ մոտիկից զրուցելու եւ նպաստելու, որ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ մի քանի ռեյտինգային հայտարարություններ անի:
Եւ այսպես, Ս. Սարգսյանն իր ցանկալի լրագրողների մոտ հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանն իր մարդն է: Արդյունքում Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը քաղաքականությունից դուրս է գալիս եւ այսուհետ զբաղվելու է  բիզնեսով:
Իսկ ինչո՞վ էր բացատրվում նախագահի խտրական վերաբերմունքը մայրաքաղաքային եւ «ռայոնցի» լրագրողների միջեւ: Հավանաբար մտավախությամբ, որ  մարզային լրագրողներից մեկը Ս. Սարգսյանին համարձակություն կունենար հիշեցնելու  Գյումրիում ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ գրանցած պարտությունների մասին կամ, ասենք, կհարցներ, թե ուր է հասել նախագահը Գյումրու կրիմինալի դեմ իր հայտարարած   պայքարում: Իսկ ՀՀ նախագահին կից լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի պատճառաբանությունն ուղղակի անհեթեթ էր. «Դե, էրեխե՛ք, ներսում տեղ չկար, դրա համար սաղդ չկարողացաք մտնել, իսկ հիմա արդեն նախագահը քաղաք գնաց»:
Այն, որ Ս. Սարգսյանի աշխատակազմի անդամները մինչեւ հիմա, քաղաք ասելով, Երեւանն են հասկանում, լավագույնս ցույց է տալիս, թե ինչպես է Ս. Սարգսյանը տարածքային համաչափ զարգացումն ապահովում:

ԱՆՈՒՇԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս