«ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐ» ԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվեր գործով քննիչ Լեւոն Պետրոսյանը, բայց վերջինս չէր ներկայացել: Դատարանում սկզբից հայտարարվեց, որ նա գտնվում է Իջեւան տանող ճանապարհին, հետո էլ՝ թե նրա մեքենան փչացել է:
Դատավոր Սամվել Մարդանյանի հրահանգով դատարան հրավիրվեց տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցիչների միջնորդությամբ որպես վկա դատակոչված զորամասի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը: Այդ կապակցությամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին ասաց. «Դուք մեզ տհաճ սյուրպրիզ եք անում»:
Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հայտարարեց, որ նախորդ նիստում դատավորն ասել էր, թե սեպտեմբերի 4-ի նիստում պետք է հարցաքննվի քննիչ Պետրոսյանը, իսկ սեպտեմբերի 5-ի նիստում՝ լրացուցիչ դատակոչված զինվորները, ուստի իրենք պատրաստ չեն զորամասի հրամանատարին հարցեր տալ: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն էլ դատավորին հիշեցրեց, որ բավարարված միջնորդությամբ վկային հարցաքննելու հետ պետք է դատարան ներկայացվեին մարտական հենակետի զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու, նրանց կալանատուն ուղարկելու հետ կապված փաստաթղթերը: Իսկ դրանց բացակայության դեպքում անիմաստ է վկային հարցաքննելը, քանի որ իրենց հարցերը բխում են այդ փաստաթղթերից:
Դատավոր Մարդանյանը սկսեց վկայի հարցաքննությունը՝ այդ ընթացքում նաեւ 20 րոպե տրամադրելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստել իրենց հարցերը: Իրավապաշտպան Ռ. Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե նա ինչու է 2 հեռախոսագրերով Ա. Նազարյանի մահվան վայրը նշել խրամատը, իսկ դատարանում հայտարարում է, թե նրան տեսել է ժայռին հենված: Գնդապետ Ղազարյանն ասաց, որ առաջին հեռախոսագիրն ինքը տվել է առանց դեպքի վայրում լինելու, իսկ 2-րդ հեռախոսագիրը տվել է, երբ եղել է դեպքի վայրում՝ տեսնելով մահացած Ա. Նազարյանին՝ «ժայռին խաղաղ հենված»: Այդ դեպքում ինքն ինչո՞ւ է 2-րդ հեռախոսագրում էլ խրամատը նշել: Ռ. Մարտիրոսյանի այս հարցին Ս. Ղազարյանը պատասխանեց, որ ժայռից սկսվում են խրամատները, նաեւ ընդունեց, որ ինքն ինչ-որ բառ սխալ է գրել: Նիստի ընթացքում Ռ. Մարտիրոսյանը վկային հարցրեց, թե ինչու է կարգապահական տույժի ենթարկել հենակետի բոլոր զինվորներին: Վկան ասաց, որ կոնկրետ չի հիշում, 2 տարի է անցել, հետո էլ ավելացրեց, որ նրանք կարգապահական կանոնագրքի պահանջների՝ արտաքին տեսքի, զենքի պահպանության, պահելաձեւի խախտումներ ունեին:
Դատական նիստի ընդմիջումից հետո վատացավ ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանի ինքնազգացողությունը: Նա դեռ առավոտյան «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել էր, որ ստամոքսի ցավեր ունի: Դատավոր Ս. Մարդանյանի պահանջով դատարան ժամանեցին «շտապ» օգնության բուժաշխատողներ եւ Ա. Մնացականյանին տվեցին ցավազրկող դեղամիջոցներ: Վերսկսելով նիստը` Մարդանյանը հայտարարեց, որ ըստ բժշկի եզրակացության` Ա. Մնացականյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա դատարանում կարողանա իրականացնել իր մասնագիտական պարտականությունները: Այդ պատճառով դատավորը նիստը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 5-ը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս