Ինչ օգուտ են ուզում քաղել տարբեր քաղաքական ուժեր սահմանադրական բարեփոխումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների մասով քաղաքական դաշտում իսկական խառնաշփոթ է ստեղծվել: Սահմանադրական փոփոխությունների նախապատրաստաման գործընթացն այլեւս դարձել է գործիք, որով ոչ իշխանական ուժերը սկսել են պայքարել մեկը մյուսի դեմ: Սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ լինելով՝ ոչ իշխանականները բնորոշում են մյուս քաղաքական ուժերի, իրենց կարծիքով, ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը:

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների հիմնական փաստարկն այն է, որ Սերժ Սարգսյանն այդ գործընթացը նախաձեռնել է սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Իրականում իշխանության վերարտադրման տեսնակյունից կապ չունի, թե Սահմանադրությունն ինչպիսին է. վերարտադրման գործընթացն ինքնին հակասահմանադրական եւ հակաիրավական է: Իրականում Սերժ Սարգսյանը, ցանկանալով Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր դարձնել, փորձում է խուսափել իշխանությունն այլ իշխանական ուժի կամ անձի հետ կիսելուց:

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերն օրերս հայտարարեցին, թե իրենք այնպես են անելու, որ սահմանադրական հանրաքվեն վերածվի Սերժ Սարգսյանի վստահության քվեարկության: Առաջին հայացքից թվում է, թե գործող մոդել է: ՀՀ բնակչության առնվազն 80 տոկոսը զզված է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունից: Ուստի, թվում է, որ եթե մարդիկ համընդհանուր լծվեն այդ գործին, ապա սահմանադրական հանրաքվեն հնարավոր կլինի տապալել: Սակայն իրական կյանքում այդ մոտեցումն անհնար է իրագործել: Կասկածից վեր է, որ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունները գործի կդնեն ընտրությունների կեղծման համակարգը: Այդ համակարգը կգործի ըստ հակաքարոզչության ուժգնության:

Այսինքն՝ որքան հզոր լինի հակաքարոզչութունը, այնքան ընտրությունների կեղծման ավելի շատ գործիքներ կօգտագործվեն: Հակաքարոզչությունն ի սկզբանե դատապարտված է, քանի որ մարդիկ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկելով՝ պետք է հակադրվեն իշխանություններին ու նրանց հրահանգով գործող թաղային կրիմինալին: Ընտրողը ռիսկի է դիմում այն ժամանակ, երբ համոզված է, որ իր քվեով հնարավոր է՝ իշխանափոխություն լինի: Իսկ այն դեպքերում, երբ ընտրողը գիտի, որ իր ըմբոստությունն առնվազն անմիջական արդյունք չի ունենալու, եւ քվեարկության հաջորդ օրն իրենից կարող են «հաշիվ պահանջել», նա նախընտրում է ռիսկի չդիմել: Հենց այս գործոնով է պայմանավորված նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների պահվածքի տարբերությունը` առաջինի դեպքում՝ ակտիվ եւ պայքարող, երկրորդի ժամանակ՝ պասիվ եւ հարմարվող:

Իհարկե, ընտրողների՝ քաղաքականապես ակտիվ մի փոքր մասը հակաքարոզչության ազդեցությամբ կգնա եւ դեմ կքվեարկի, բայց քաղաքականապես պասիվ մասը, որը քաղաքական գործընթացների մասին տեղեկանում է ընտրությունների ժամանակ միայն, կանի այն, ինչ իրեն կասեն թաղային «իշխանիկները»: Ավելին՝ իշխանությունները կարող են առիթից օգտվել եւ ընտրությունների կեղծման լծակներն ողջ ուժով չկիրառելով՝ հանրաքվեն դարձնել Սերժ Սարգսյանի «վստահության» գործընթաց, որից նա մշտապես զրկված է եղել:

Սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության միակ արդյունքը կլինի այն, որ ընդդիմությունը հերթական անգամ կարձանագրի, որ իշխանությունները կեղծեցին եւ արեցին իրենց ուզածը, ինչը մարդկանց մոտ հիասթափության հերթական ալիքը կբարձրացնի, նույնիսկ նրանց շրջանում, ովքեր չհամարձակվելով հակաճառել՝ կողմ քվեարկած կլինեն:

Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, մինչ այս իշխող ՀՀԿ-ից բացի, հրապարակային աջակցություն էր հայտնել ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իր տեսակետներն էր ներկայացրել իշխանություններին: Մարտի 12-ին նախագահական նստավայրում կազմակերպած «ֆոտոսեսիայից» հետո հասկանալի դարձավ, որ ՀՀԿ-ի «կլանածներից» բացի՝ այլ մարդ-կուսակցություններ եւս կսատարեն սահմանադրական փոփոխությունները: ՀՅԴ-ն եւ սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող մյուս քաղաքական ուժերը Հայաստանին օգուտ տված կլինեն, եթե կարողանան հասնել այն բանին, որ այս գործընթացի արդյունքում ընտրությունների կեղծման հիմնական գործիքների չեզոքացման ուղղությամբ եւս քայլեր կատարվեն:

Թվում է, թե մեկը մյուսի հետ կապ չունեն, բայց իրականում այս փուլը ամենահարմարն է՝ այդ խնդիրները լուծելու համար: Հայտնի է, որ ընտրությունների կեղծման հիմնական գործիքը ընտրողների ցուցակն է, որում ընդգրկված մարդկանց թիվն այժմ ավելի մեծ է, քան ՀՀ ողջ բնակչությանը: Ընտրողների ցուցակի «մաքրումը» եւ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը կվերացնի ընտրությունների կեղծման հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Ընտրությունների ապահովագրման գործիք կարող է լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարումն ընդդիմությանը հանձնելը: Արդյոք ՀՅԴ-ն եւ ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերը կարող են Սերժ Սարգսյանին համոզել, որ իրենց աջակցության դիմաց նա ինչ-որ զիջումների գնա, ապա նրանց մասնակցությունը կարող է ինչ-որ իմաստ ունենալ, մնացած բոլոր դեպքերում «կողմնակի» մասնակցությունը դառնում է անիմաստ:

Սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ կողմերից բացի՝ Հայաստանի հանրության մի մասն էլ այդ գործընթացի նկատմամբ լիարժեք անտարբեր է: Այս խումբը, թերեւս, ամենամեծն է եւ իր մեջ ներառում է Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնությանը: Իսկ քանի որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները դեմերին են քարկոծում, դեմերը` կողմերին, արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ ամենանպաստավոր վիճակում հայտնվել են «անտարբերները», որոնք այս «գզվռտոցից» դուրս են մնացել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս