ԼԱՎ ԱՐՎԵՍՏԸ ԼԱՎ Է ԸՆԿԱԼՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանդակագործ ՀԱՅԿ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ՝ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի որդին, ծնվել է 1971թ. նոյեմբերի 12-ին,  ինչպես ինքը նշեց` Ռոդենի ծննդյան օրը: Ավարտել է Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի գեղարվեստի ակադեմիան: Հայաստանի նկարիչների միության անդամ է: Արդեն 3 տարի է՝ դասավանդում է Ճարտարապետաշինարարական համալսարանում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, բազմիցս մասնակցել է քանդակի միջազգային սիմպոզիումների Չինաստանում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Իսրայելում, Կանադայում…
-Պարո՛ն Թոքմաջյան, մի քանի անգամ փորձել եմ Ձեզ հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն, երկրում քի՞չ եք լինում:
-Տարվա մեջ 4-5 անգամ հրավիրում են տարբեր երկրներ՝ մասնակցելու սիմպոզիումների ու ցուցահանդեսների: Այս տարի եղել եմ Բելգիայում, Դանիայում, աշխարհագրությունը բավական մեծ է: Իսկ մնալու ժամկետն էլ կապված է, թե որ երկիրն է, ինչ տեսակի աշխատանք է ուզում: Օրինակ՝ անցած տարի Լիբանանում կոնկրետ կազմակերպիչը անձամբ ասաց, թե ինչ է իրեն դուր գալիս, ու գնահատելով իմ գործերը՝ անձամբ հրավիրեց մասնակցել սիմպոզիումի:
-Շփվելով ու տեսնելով դրսի քանդակագործների աշխատանքները՝ ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են նրանց զիջում հայ քանդակագործները:
-Չէի ասի, որ որեւէ մեկը զիջում է, որովհետեւ մեր քանդակագործներն ու առհասարակ արվեստի ոլորտը բավական զորեղ է ու ծանրակշիռ միջազգային ասպարեզում, դա լինի երաժշտություն, կերպարվեստ կամ այլ բնագավառ: Չէի ուզենա ասել, որ մենք ամենալավն ենք ու վերջ: Լավերն ամեն տեղ էլ կան, բոլոր ասպարեզներում: Տաղանդավոր մարդը միշտ էլ տաղանդավոր է: Ծանոթանալով դրսի մշակույթի հետ՝ ես տեսնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք կա մեր մշակույթի հանդեպ, որով մենք սնվել ու մեծացել ենք:
-Կարծում եմ՝ չեք հերքի այն փաստը, որ դրսում ավելի մեծ ուշադրություն են դարձնում արվեստին ու արվեստագետին:
-Վերցնենք Թուրքիան, ես երկու անգամ այնտեղ մասնակցել եմ սիմպոզիումների, այս տարի կրկին հրավիրում են: Թուրքիայում առավել եւս  ընդգծվում է մեր հայ լինելը: Իմ դեպքում դա լինում է մշակույթի միջոցով. ի վերջո, ես ներկայացնում եմ մեր երկիրը, մեր դրոշը, հայ մշակույթն ու Հայաստանը: Գիտեք, ոգեւորությամբ է ընկալվում, բարձր գնահատականի էլ արժանանում է: Այլ երկրներում լինելով՝ մենք տեսնում ենք, թե ինչեր են անում այլ արվեստագետները, ծանոթանում նրանց արվեստին, նրանք էլ մեզ հետ են ծանոթանում: Հարստանում ենք, լցվում ստեղծագործական գիտելիքներով ու փորձով: Ես ինձ նաեւ կողքից եմ նայում, թե ոնց եմ երեւում դրսում:
-Ե՞ւ…
-Արդյունքը լավն է ու հետաքրքիր:
-Եթե դրսի գնահատականը մի կողմ թողնենք, որքանո՞վ են Հայաստանում գնահատում իրենց իսկ արվեստագետին:
-Մենք գնահատող ժողովուրդ ենք, ուրիշ բան չեմ կարող ասել: Լավ արվեստը` երաժշտությունը, նկարչությունը, միշտ էլ լավ է ընկալվում:
-Ես նկատի ունեի պետության կողմից գնահատականը, ոչ ժողովրդի:
-Աջակցելու առումով մենք մի քիչ խնդիր ունենք: Եթե մի գործ անելու մտահղացում ունես, դա շատ քիչ է, որպեսզի իրականություն դառնա, այ այստեղ նաեւ նյութական կողմի մասին է խոսքը:
Վերջերս Լուսինե Զաքարյանի փոքրիկ հուշաքարը տեղադրեցի իր ծննդյան օրը: Պատկերացնո՞ւմ եք, մի փոքր հուշաքարի համար ես 4 տարի դիմել եմ այստեղ-այնտեղ, որ թույլ տան: Թվում է՝ խնդիրներ չեն կարող լինել, նա այն մարդն է, որ խոսք էլ չի կարող լինել: Իրականություն չի դառնում, մինչեւ մի 100 անգամ տարբեր տեղեր չես դիմում: Վստահ եմ՝ մյուս արվեստագետներն էլ այս վիճակում են: Մեզ մոտ շատ դժվար է իրականացնելու պրոցեսը:
Ինչքան էլ մենք ասենք, որ էնտուզիաստներ ենք, առանց այդ նյութական հնարավորության ոչինչ չի իրականանա: Այդպես եղել է եւ այդպես էլ գնում է: Անձնական նախաձեռնությունը մղում է իրականացնելու, բայց մեծ գործի համար ուղղակի անհնար է:
-Գուցե ոմանք պետք է մասնավոր կերպո՞վ ստեղծեն այդ հնարավորությունը:
-Այս տարի, երբ ինձ հրավիրեցին Բելգիա՝ սիմպոզիումի, կոնկրետ հովանավորներ կային: Կար մասնավոր անձ, որը հավանություն էր տվել կոնկրետ քանդակագործի եւ ուզում էր, որ նա գա ու քանդակ ստեղծի: Այն գաղափարները, որոնք մենք ուզում ենք իրագործել մեր քաղաքում, չունեն համապատասխան հովանավոր, եթե մենք գտնենք այն մարդկանց, որոնց դա պետք լինի, վստահ եմ՝ շատ բաներ իրական կդառնան: Կամ էլ եթե քաղաքապետարանն ու իշխանություններն ուշադիր լինեն… Չնայած նրանց հետ մի քիչ բարդ է, քանի որ բյուրոկրատական երկար քաշքշուկներ են ստեղծվում՝ գումարած թղթաբանությունը:
շարունակելի

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս