Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Գործակալությունը, հղում կատարելով երկրի ղեկավարի ադմինիստրացիայում սեփական իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը խոսել են «1915 թ դեպքերի մասին»: Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ այդ առումով «Թուրքիան կողմ է արդար հիշողության հեռանկարին, սակայն Հայաստանը խաղաղության կոչերն անտեսում է և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկներին դրական մոտեցում չի ցուցաբերում»:
Տեղեկացվում է, որ զրույցը շուրջ 30 րոպե է տևել: Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրների նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման, բախումների ավարտի, Ղրիմի թաթարների խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ: