Ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, միշտ ասել ենք` կողմնակից ենք «և»-«և»-ին. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր հարևանության» ծրագիրը հիմնված է եղել անվտանգության խնդրի վրա, այն արմատ է առել եվրոպական անվտանգության և պաշտպանողական քաղաքականության ծրագրից: «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստում այս մասին նշեց հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն աշխատում է այն երկրների հետ, որտեղ ունի իր սեփական շահերը և անվտանգություն ապահովելու հարցում էլ առաջնորդվելու է` իր շահերից ելնելով», – նշեց նա:

Թևան Պողոսյանը ափսոսանք հայտնեց, որ եղավ մի իրավիճակ, երբ  Հայաստանի նման երկրին հնարավոր եղավ ինչ-որ չափով ճնշել: «Բայց չմոռանանք, որ երեք տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանը միշտ բարձրաձայնել է իր խնդիրների, սահմանների հարցի մասին` միշտ ասելով որ կողմնակից է «և»-«և» քաղաքականությանը: Այս իմաստով ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, թե Հայաստանի մեջ է խնդիրը: Ես կցանկանայի, որ եվրոպական կողմն իր վերանայումը չձգի մինչև հուլիս, որովհետև մայիսին Ռիգայում համաժողով է լինելու, և այդ ճկունության քաղաքականությունը, որը դուք ասում եք, ցանկալի կլինի ցուցադրել այսօրվանից, այլ ոչ թե սպասենք և միայն հուլիսից լինենք ճկուն»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:




Լրահոս