ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գրանցված աշխատողը հղիության եւ ծննդաբերության արձակուրդ է վերցնում, այդ ընթացքում որքա՞ն գումար է ստանում, եւ ինչպե՞ս է որոշվում այդ գումարի չափը: Եւ եթե արձակուրդի ժամկետը լրանալուց հետո որոշ հանգամանքների բերումով նա չի կարողանում վերադառնալ աշխատանքի, նրա նկատմամբ որեւէ տույժ կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ալիսա Բադալյան, 31 տարեկան, բուժքույր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ա. Բադալյանի դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝
1) 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության).
2) 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)՝ բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)՝ միաժամանակ 1-ից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Տեղեկացնում եմ նաեւ, որ վերոնշյալ դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Իսկ համաձայն նույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝ նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 հերթական օրացուցային ամիսների (այսուհետ՝ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության աշխատանքի
եւ զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես փոքր կոլեկտիվներ ունեցող կազմակերպություններում նշված կարգը սովորաբար չի պահպանվում: Այնպես որ, արձակուրդի «տարբերակներից» օգտվել պատրաստվող մեր ընթերցողները պետք է առաջնորդվեն միմիայն գործող կարգով:




Լրահոս