ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գրասենյակի աշխատող եմ եւ օրական 6-7 ժամ համակարգչով նյութեր եմ կարդում: Կցանկանայի իմանալ, թե այդպիսի աշխատանքի համար որ կարգի լուսավորությունն է ճիշտ՝ ցերեկային, թե դեղին:

Անուշիկ Խաչատրյան, 25 տարեկան, բանասեր


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անուշիկ Խաչատրյանի գրությանն ի պատասխան՝ հայտնում եմ, որ համակարգիչների անվտանգ շահագործմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի 24.09.2010թ. N 19-Ն հրամանով հաստատված «Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման եւ օգտագործման N2.2.4-015-10 սանիտարական կանոնների եւ նորմերի» 2-րդ բաժնի 4-ից 7 կետերով:
Համակարգիչների բացասական ազդեցությունը կանխարգելելու համար աշխատատեղերը դասավորվում են դրանց շահագործման համար նախատեսված սենյակներում, որտեղ կարեւոր է բնական եւ արհեստական լուսավորությունը՝ օգտագործելով հիմնականում ցերեկային լամպեր, շենքերի լուսային բացվածքների (պատուհանների) սարքավորումը, ինչպես նաեւ աշխատատեղի ճիշտ կահավորումը:
Համակարգչի մոնիտորի առջեւ երկարատեւ աշխատանքի դեպքում ի հայտ են գալիս տեսողական հոգնածության նշաններ՝ աչքերի հոգնածություն, ցավ, արցունքոտություն, տեսողական դաշտը զգալիորեն նվազում է:
Միաժամանակ հարցի կարգավորման կապակցությամբ ՀՀ ԱՆ մասնագետները պատրաստվում են իրականացնել ուսումնասիրություններ եւ ներկայացնել համապատասխան եզրակացություն:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Տ. Մարտիրոսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Թեեւ խմբագրությանը հասցեագրված պատասխանում այդպես էլ որոշակիորեն չի կոնկրետացվում՝ ի վերջո, մեր ընթերցողը ցերեկային, թե դեղին լույսից օգտվի, այդուհանդերձ, բոլորին խորհուրդ ենք տալիս կարդալ ու հետեւել մասնագետի ցուցումներին:




Լրահոս