Ողբերգական դեպք` Արմավիրում. ընտանիքի երկու անդամներն ինքնասպան են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի եզդի Ամոյանների ընտանիքում դժբախտությունները հաջորդում են իրար: Ընդամենը մեկ շաբաթ առաջ իր կյանքին վերջ էր տվել 11-ամյա Զարիֆա Ամոյանը, իսկ մարտի 16-ին ինքնասպան եղավ նաև նրա հորեղբայրը` 48-ամյա Շիրին Մամոյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ Զարիֆայի հետ տեղի ունեցածից հետո Շիրին Մամոյանն ամեն օր գերեզմաններ էր այցելում, որտեղ հանգչում է նաև նրա 17-ամյա վաղամեռիկ դուստրը: Գյուղապետը պատմեց, որ վերջին օրերին ինքնասպան եղած տղամարդը սկսել էր չարաշահել ալկոհոլը, իսկ կյանքի վերջին օրը 19-ամյա որդուն ուղարկել է ազգականի տուն, ապա մեկուսացել աներոջ նկուղում, մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, հետո կախվել:

«Շատ դժբախտ ընտանիք է այս ընտանիքը: Երկու տարի առաջ նրա 17-ամյա աղջիկը մահացավ: Պաշտոնապես ասում են, թե սննդային թունավորումից է եղել: Դժբախտ երեխան նոր էր ամուսնացել, մի քանի ամսական երեխա ուներ, ու նման բան տեղի ունեցավ: Շիրինն էլ հիմա երկու տղա ունի, որոնցից մեկը 22 տարեկան է, առաջին կարգի հիվանդ` էպիլեպսիայով է տառապում: Երևի թե իրար հաջորդող այս դժբախտություններն էլ նրան դրդեցին վերջ տալ կյանքին»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս նկատեց, որ դստեր մահից հետո հազիվ ուշքի եկած տղամարդը վերջին շրջանում նաև քիչ շփվող էր դարձել, մեկուսացած էր: Շիրին Մամոյանը, Արամայիս Մխիթարյանի խոսքով, անասնապահությամբ էր զբաղվում:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին էլ ինքնասպան էր եղել Զարիֆա Ամոյանը: Նրա ինքնասպանության դրդապատճառներից մեկը, նախնական վարկածների համաձայն, ֆիլմերն են եղել, որոնց ազդեցության տակ անչափահաս աղջնակը իմպրովիզացիաներ է արել:




Լրահոս