Armlur.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ այսօր` ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանած ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 48 DV 888 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Հ. Դ., ծնվ. 1988 թ.) մոտակայքից լսվել է պայթյունի ձայն (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել),
կայանած հատվածում ասֆալտը վնասվել է, շենքի մուտքի 1-ին և 2-րդ հարկերի պատուհանները կոտրվել են. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հրշեջներն ու ոստիկանները հայտնաբերել են կայանված վիճակում գտնվող Վազ 2121 մակնիշի 48 DV 888 համարանիշի ավտոմեքենան, որի հետևի անվադողերը հավանաբար պայթյունի հետևանքով խոտանվել են, իսկ «Նիվա»-ի տակ վնասված է նաև ասֆալտի մի հատված:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, «Տըլ» մականվամբ նախկինում դատված երիտասարդին, ում քիչ առաջ ոստիկանները տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Լուսանկարը` shamshyan.com-ի