Ինչպես չի կարելի կիսով չափ հղի լինել, այնպես էլ չի կարելի լինել Եվրասիական տնտեսական միությունում ու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այսօր ԱԺ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր Ասոցացման համաձայնագիր ստորագրվի:
Նա նշեց, որ Հայաստանն Ասոցացման համաձայնագիր ստորագրել չի կարող, որովհետև նա արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ գնալով ԵՏՄ: «Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, ոչ թե ԵՄ-ն: Անհնար է լինել և՛ ԵՏՄ-ում, և՛ ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ստորագրել»,- նշեց համանախագահը:
Ի պատասխան հարցին, թե ԵՄ-ն չի՞ պատրաստվում վերանայել ֆինանսական իր քաղաքականությունը, այսինքն՝ չկա՞ ափսոսանք, որ միլիոնավոր եվրոներ են հատկացվում այս կամ այն ոլորտում բարեփոխումների համար, սակայն էական տեղաշարժեր չեն արձանագրվում, Հեյդի Հաուտալան ասաց, որ շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցում կոռուպցիայի դեմ պայքարը նաև դատական իշխանության արդար ու անկախ լինելը:
«Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կառուցումը: Այս քննարկումների ընթացքում մեզ համար լակմուսի թղթի պես մի բան դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով»,- ասաց նա: