Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանությունից 97 տարի անց կմատուցվի 3-րդ պատարագը:
Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007-ին վերանորոգվել է և դարձել թանգարան: Այնուհետև Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը` Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու թույլտվության խնդրանքով:
2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն թույլ են տվել Սուրբ Խաչում պատարագ մատուցել և եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակին, որը համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ:
Սակայն պատարագից մեկ ամիս առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ եկեղեցու խաչը տեղադրել մինչև պատարագի օրը: Այս ծիծաղելի պատճառաբանության պատճառով աշխարհի հայությունը բոյկոտեց պատարագը: Պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանը, իսկ հոգևոր մյուս կենտրոնները՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառն այն էր, որ եկեղեցու գմբեթին խաչ չէր տեղադրվել:
Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաև հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, թեև նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ էր հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին, և օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։