Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջարկել է իր գործընկեր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Բացի այդ, մամուլում ակտիվ շրջանառվում է հենց նրա թեկնածությունը:
Armlur.am-ը կապ հաստատեց Վահե Էնֆիաջյանի հետ, ով ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց տեղեկատվությունը: «Այժմ կոռեկտ չեմ համարում որևէ հայտարարություն անել: Քանի դեռ խմբակցության նիստը տեղի չի ունեցել և ընդհանուր որոշում չի կայացվել, ես զերծ կմնամ տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններից: Եվ քանի դեռ ոչ մի հստակ որոշում չկա, որևէ բան ասել չեմ կարող: Եթե ընդհանուր քվեարկությամբ որոշվի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, ապա պատրաստ եմ իմ գործունեությունը ծավալել նաև որպես խմբակցության քարտուղար»,- ասաց Էնֆիաջյանը:
Հավելենք, որ խմբակցության նիստը տեղի է ունենալու վաղը` մարտի 19-ին: