«Էդ ժամանակ տենց էր պետք եղել. հիմա էլ եթե իմ դուրը չգա, նորից դեմ կամ ձեռնպահ կքվեարկեմ». ավագանու նախկին ԲՀԿ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, «Գուրիկ» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Եսայանը ԲՀԿ խմբակցությունից դուրս է եկել, որովհետև ցանկանում էր ինքնուրույն լինել: Այսօր ավագանու նիստից հետո Armlur.am-ի հետ զրույցում ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս գալն այս կերպ մեկնաբանեց Եսայանը:

Վերջինս նշեց, որ իրեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը դուր է գալիս և ինքը չի կարող ընդդիմադիր լինել, ինչպես իրեն արդեն հռչակել է ԲՀԿ-ն:

Դիտարկմանը, թե ավագանու բազմաթիվ նիստերի ժամանակ ինքն ընդդիմադիր կեցվածքով է հանդես եկել, դեմ ու ձեռնպահ քվեարկել այս կամ այն որոշմանը, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի քանի օրում քաղաքապետի գործունեությունն իրեն սկսեց դուր գալ, ավագանու անդամը պատասխանեց. «Էդ ժամանակ տենց էր պետք եղել: Հիմա էլ եթե իմ դուրը չգա, նորից դեմ կամ ձեռնպահ կքվեարկեմ»,- ասաց Եսայանը և հավելեց, որ ինքը ԲՀԿ խմբակցության անդամների հետ պահպանում է ջերմ հարաբերություններ:

Վերջինս չբացառեց նաև, որ միգուցե անդամակցի ՀՀԿ-ին: Նշենք, որ Գ. Եսայանն անկուսակցական է և ավագանու անդամ է ընտրվել 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:




Լրահոս