Նախարարները չե՞ն հայտնվի ճաղերի հետևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի բժշկական ուսումնարանի ուսանողները հայտնվել են անելանելի վիճակում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով երկու օր առաջ ուսումնարանը օրինական լիցենզիա չունենալու հետեւանքով փակվել է, ուսանողները մնացել են «փողոցում»:

«Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Վարդենիս քաղաքի բժշկական ուսումնարանի ուսանողների ծնողներից, որոնք հայտնեցին, որ բժշկական ուսումնարանի Սեւանի «մայր» քոլեջն անսպասելի կերպով փակել են, եւ, բնականաբար, փակվել է նաեւ Վարդենիսի մասնաճյուղը:

Զրուցեցինք նաեւ ուսումնական հաստատության տնօրեն Ֆիրդուս Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է հաջողացրել տարիներ շարունակ ապօրինի հաստատություն ղեկավարել եւ խաղալ այդքան երիտասարդների ճակատագրի հետ: Ահա թե ինչ բացատրեց չստացված ուսումնարանի տնօրենը. «Վարդենիսի բժշկական ուսումնարանը ենթարկվում է Սեւանի բժշկական ուսումնարանին, այսպես ասած՝ մենք Սեւանի ուսումնարանի Վարդենիսյան մասնաճյուղն ենք: 1999 թվականից մեր ուսումնարանը գործում է, եւ, ահա, երեկ Սեւանի բժշկական ուսումնարանը լիցենզիա չունենալու պատճառով փակվեց, եւ դրա պատճառով Վարդենիսյան մասնաճյուղն էլ փակվեց: Այն երեխաները, որոնք դուրս կմնան ուսումնարանից, կտեղափոխվեն Վարդենիս քաղաքի մոտ գտնվող այլ ուսումնարան եւ կստանան իրենց դիմպլոմները: Ավելին ասեմ, երեխաների ուսման վարձը մեզ մոտ եղել է 80.00 դրամ, այլ բուհ տեղափոխվելուց եւս կվճարեն նույն գումարը»:

Քոլեջի ուսանողուհիներից մեկի հայրը` Սարգիս Սահակյանը, որը եւս հանդիպել էր տնօրեն Կարապետյանին, «Ժողովուրդ»-ին ասաց. «Երեք ամիս է մնացել՝ երեխաս ավարտի քոլեջը եւ դիպլոմ ստանա: Հիմա ի՞նչ է ինելու իմ երեխայի ճակատագիրը: Եթե իրենք չէին կարող քոլեջ պահել, ինչո՞ւ են այսքան երեխաների ճակատագրի հետ խաղում: Քոլեջը փակում են, երեխաներին թողնում բախտի քմահաճույքի՞ն: Ես հնարավորություն չունեմ մեկ այլ քաղաք կամ գյուղ երեխայիս ուղարկեմ, որ իր ուսումն ավարտի. ծախսեր են պահանջում դրանք: Եթե մի երեք ամսով չհետաձգեն այս որոշումը եւ թույլ չտան, որ երեխաս դիպլոմային քննությունը հանձնի քոլեջում, ես այլ քոլեջ թույլ չեմ տալու, որ գնա, սովորի: Պահանջելու եմ երկու տարվա վճարած գումարս: Այս ինչ են անում, երեխան կոտրված եկել, նստել է տանը»:

Նույն ուսումնարանի ուսանողուհի Ռուզաննա Դանիելյանի հայրը` Արման Դանիելյանն ասաց, որ երեք տարվա ընթացքում մի կերպ է կարողացել վճարել ուսման համար նախատեսված 80.000 դրամը. «Հիմա հնարավորություն չունեմ որեւէ այլ տեղ տեղափոխելու երեխայիս: Մայիսին նա դիպլոմ պետք է ստանար, երեխային ինչո՞ւ են կոտրում, հանում, քցում դրսերը: Օգնեք, ի՞նչ անենք»:

Մի տատիկ էլ՝ Մելիքամուսյան Ամալյան, լացելով զանգահարեց խմբագրություն եւ ասաց. «Իմ թոռը եթիմ երեխա է, մի կերպ ուսման էինք տվել, հիմա ի՞նչ անենք. հանին, քցին դուրս»:

Պարզվեց՝ մեր զրուցակցին էլ է զայրացրել այն փաստը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը արձակվել է ոչ թե ուսումնական տարվա սկզբին, այլ գրեթե ավարտին. «Եթե նման նպատակ ունեին, որ ուսումնարանը պետք է փակվի, ինչու հիմա որոշեցին փակել: Ախր այստեղ սովորող երեխաները կարիքավոր ընտանիքի երեխաներ են, եթե հնարավորություն ունենային, այլ տեղ կտանեին իրենց երեխաներին: Մի խոսքով, շատ-շատ սխալ որոշում էր: Խայտառակ վիճակ է: Խնդրանքս մեկն է՝ գոնե այն երեխաները, որոնք այս տարի ավարտում են, թույլ տան՝ իրենց բուհում հանձնեն քննությունը եւ դիպլոմ ստանան, մի քանի ամիս բան է մնացել: Օգնեք մեզ, եթե կարող եք, շատ ենք խնդրում»:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ պահանջեց նաեւ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից: Ըստ նրա` 2002թ բժշկական բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը եղել է առողջապահության նախարարության ենթակայության տակ. «Մինչեւ 2013թ հունիսն այս հաստատություններով զբաղվել է առողջապահության նախարարությունը: 2013թ հունիսի լիցենզիայի մասին օրենքում փոփոխություններ եղան, եւ առողջապահական կրթական ծրագրերի լիցենզավոման լիազորությունը տրվեց կրթության եւ գիտության նախարարությանը: Օրենքը ուժի մեջ մտավ 6 ամիս անց՝ 2014թ հունվար ամսից: Մի փոքր ուշ նաեւ լիցենզավորման կարգի հետ փոփոխություններ եղան: Արդյունքում մենք դիմեցինք բոլոր պետական, ոչ պետական հաստատություններին, որոնք կրթական ծրագրեր էին իրականացնում, որ լիցենզիաները վերաձեւակերպվեն, ու մեր կողմից տրվեցին նոր լիցենզիաներ՝ մեր պահանջներին համապատասխան: Արդյունքում պարզվեց, որ Սեւանի բժշկական ուսումնարանը լիցենզիայի 8-9 պահանջներին չի բավարարում, եւ կասեցվեց նրանց գործունեությունը»:

Հիմա ինչ է լինելու ուսանողների ճակատագիրը: «Ժողովուրդ»-ի այս հարցին, նախարարության վարչության պետը պատասխանեց. «Այդ ուսանողները պետք է տեղափոխվեն այլ ուսումնական հաստատություն: Մենք ավելի ուշ՝ վաղը, արդեն կորոշենք, թե ուր: Այնտեղ կրթություն չկա, խաբեբայություն է եղել: Անունը դրել են քոլեջ, երեխաներից փող են հավաքել: Այդ դիպլոմը պետական նմուշի էլ չի, սովորական փաստաթուղթ է, որ ոչ մի պետական հիմնարկում չի անցնում: Մենք ամեն ինչ անում ենք՝ ուսանողի շահերը չոտնահարվի: Որոշումը ենթակա չէ փոփոխման»:

Ահա, այսպես իր աշխատասենյակում տաքուկ նստած պաշտոնյան մեզ «քառակուսի անտարբերությամբ» հայտնեց, թե. «Իրավիճակն այսպիսին է, ինչ արած: Ավելին ասեմ՝ մենք նոր ենք բացահայտել, որ Սեւանի բժշկական ուսումնարանը ներկայացչություն է ունեցել Վարդենիս քաղաքում»: Ստացվում է, որ մեր երկրի պետբյուջեի հաշվին ապրող չինովնիկների ձեռամբ, տարբեր տարիներին գործունեություն ծավալած նախարարների գլխավորությամբ Հայաստանում 1999-ից ապօրինի բուհ է գործել, եւ հիմա դրա հետեւանքով տուժում են ուսանողները, կասկածի տակ են դրվում շրջանավարտների ստացած դիպլոմները, այլ ոչ թե կասկածելի հանգամանքներում այդ իրականության առաջ աչք փակած «իշխանիկները»: Հետաքրքիր է՝ նախարարները չե՞ն հայտնվելու ճաղերի հետեւում:

Ըստ էության, այսօր առողջապահության նախարարության անգործության կամ միգուցե այս պաշտոնը ղեկավարած նախարարների որոշակի հետաքրքրության արդյունքում է, որ մի խումբ ուսանողներ հայտնվել են «դրսում»:

Հետաքրքիր է՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, բացի իր գեղեցիկ սանրվածքով մտահոգվելուց, փորձե՞լ է գոնե մեկ անգամ հետաքրքրվել, թե իր պաշտոնավարման տարիներին քանի՞ ապօրինի ԲՈՒՀ է գործում, եւ այդտեղ ավարտած շրջանավարտների մասնագիտական ցածր մակարդակի ու պրոֆեսիոնալ սխալների հետեւանքով քանի մարդ կարող է զոհվել: Համատարած այս անտարբերությունն ու անգործությունն է իրականում կրծում մեր երկիրը: Հիմա «չոլկայով» նախարարն ինչպե՞ս է նայելու Սեւանի ու Վարդենիսի քոլեջի ուսանողների աչքերին: Էլ չենք խոսում մասնագիտությամբ բժիշկ նախարար Արմեն Աշոտյանի մասին, որը «վիրահատելուց» առաջ «հիվանդի» ռիսկերը չի հաշվել՝ խաղալով երիտասարդ սերնդի ճակատագրի հետ:

Հուսանք՝ հարցը կվերանայվի, այնուամենայնիվ:

Քնար Մանուկյան




Լրահոս