«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 17-ին՝ ժամը 21-ի սահմաններում, իրավապահները Ավան-Առինջից բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ ձերբակալել Կարեն Երեմյանին` մականունը Թիզ: Նրան են պատկանում Ավանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ՝ «Նոր զովք» սուպերմարկետները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Երեմյանի ձերբակալությունը կապված է մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում տեղի ունեցած քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ:
Ավելի կոնկրետ՝ ձերբակալվածը Երրորդմասցի Լյովիկի սպանությունը կատարելու կասկածանքով հետախուզվող Գաստիկ մականունով քրեական հեղինակության ընկերներից է: Ի դեպ, Կարեն Երեմյանը Երեւանի ավագանու՝ ՀՀԿ-ական անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է: Կարեն Երեմյանն անցած տարվա օգոստոսի 20-ին դաժան ծեծի էր ենթարկվել, բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քրգործը դեկտեմբերին կասեցվել է` հանցագործների հայտնի չլինելու հիմնավորմամբ: Ստացվում է, որ տուժողն այդպես էլ չի ասել, թե իրեն ովքեր են ծեծել: Գուցե վախեցել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: