«168 ժամ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը դեռևս չի պատկերացնում այն սահմանը, որն իրեն կարող է թույլ տալ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Չի պատկերացնում, որովհետև չգիտի՝ որքանո՞վ դա թույլ կտա Ռուսաստանը: Մյուս կողմից, սակայն, որքան էլ առաջին հայացքից անհավանական է թվում, հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն առնվազն չի բացառում ինչ-որ ձևով ԵՏՄ-ից Հայաստանը «պոկելու» հնարավորությունը: Ու եթե վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները դիտարկենք այս համատեքստում, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկուսացումը որոշակիորեն այլ՝ մինչ այժմ գրեթե չքննարկված երանգ կարող է ստանալ:
ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը՝ դեռևս քառյակ-եռյակ ձևաչափով, զգալի դերակատարում ունեցան սեպտեմբերի 3-ի որոշման կայացման հարցում: Ոչ միայն ու ոչ այնքան Մաքսային միությանն անդամակցության աջակցությամբ ու անշրջելիության մասին քարոզով, որքան ռուսական մահակի գործառույթով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մոսկվայի աջակցությամբ իշխանափոխություն իրականացնելու իրական սպառնալիքով: Հիմա ԲՀԿ-ն ու, որպես դրա հետևանք՝ ընդդիմության ռուսական բևեռը, ըստ էության, կազմաքանդված է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: