Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային եռօրյա մեդիա ֆորումը, որն ընթանում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով և չորս հիմնարար սկզբունքներով՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային ճանաչում, Վերածնունդ:
Մարտի 18-ին ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հայկական սփյուռք՝ հայրենազրկումից մինչև Համահայկական հռչակագիր» խորագրով զեկուցման մեջ նախարարը պարզաբանեց «Սփյուռք» բառի ընդգրկումների շրջանակը, ավելի հանգամանորեն կանգ առնելով հայկական սփյուռքի ձևավորման պատճառների և հիմնական փուլերի պատմության վրա, խոսեց Սփյուռքի ներկա իրավիճակի, Սփյուռք-Հայաստան համագործակցության, հայ ժողովրդի վերածննդի և կենսունակության մասին:
Ըստ նախարարի՝ այսօր աշխարհում հաշվարկվում են 7 միլիոնից ավելի հայեր, ովքեր ապրում են Հայաստանից դուրս: Սփյուռքում գործում են 30 հազարից ավելի հայկական կազմակերպություններ, 500-ից ավելի դպրոցներ, 3 կուսակցություններ, որոնք մասնաճյուղեր ունեն 30-ից ավելի երկրներում, եկեղեցական հզոր ցանց, մշակութային ու սպորտային կենտրոններ:
Անդրադարձ կատարելով Թուրքիայի տարածքում ապրող հայերին` նախարարը նշեց, որ մոտավոր հաշվարկներով այնտեղ ապրում է 3 միլիոն հայ, որոնցից շատերը ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը: «Ձևավորվել է երկկենցաղ հայը, ով մինչև 18:00-ն ապրում է որպես թուրք, իսկ դրանից հետո դառնում է հայ` ապրելով իր ընտանիքում», – փաստեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը մեդիաֆորումի մասնակիցներին կոչ արեց ուշադրություն դարձնել ու անդադառնալ այնպիսի հարցերի, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքն են: «Կխնդրեի ուշադրություն դարձնեք, որ եվրոպական տարածաշրջանում միակ փակ սահմանն ունի Հայաստանը, քանի որ Թուրքիան շրջափակման մեջ է պահում մեր երկիրը` հասցնելով միլիարդների վնաս: Ցեղասպանության հետևանքները շարունակվում են սփյուռքում, որովհետև ցանկացած սփյուռքահայ ֆինանսական ու հոգևոր ահռելի միջոցներ է ծախսում, որպեսզի հասնի արդարության, և ով է «հաշվել» այդ տառապանքը: Թուրքիան ակնհայտորեն կեղծում է իր և համաշխարհային պատմությունը, որով պետք է լրջորեն զբաղվել»,-ասաց Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով` Թուրքիան, անցյալում մնալով անպատիժ, այժմ էլ շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը:
Դիմելով տարբեր երկրներից ժամանած լրագրողներին՝ նախարարն ասաց. «Կցանկանայի, որպեսզի Հայոց ցեղասպանության դասերը ճիշտ ներկայացնեք աշխարհին, որպեսզի ոչ մեկն անպատիժ չմնա: Վերականգնելի վնասը պետք է վերականգնվի, չվերականգնելի վնասը` հատուցվի: Այն թուրքերին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, հարց ուղղեք` ի՞նչ եղան 2.5 միլիոն մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ: Հարցրեք` ինչո՞ւ էր Դեր Զորի անապատը պատված մարդկային ոսկորներով: Ինչո՞ւ աշխարհասփյուռ եղավ ողջ հայ ժողովուրդը, ինչո՞ւ ստեղծվեցին այդքան որբանոցներ ու ծերանոցներ, ինչո՞ւ այդ օրերի դեսպանները սարսափահար նամակներին գրեցին իրենց ղեկավարներին»: Իր ելութը նախարարն ավարտեց այն մտքով, որ հայությունը պայքարելու է, որպեսզի աշխարհում այլևս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները: Համայն հայությունը չի լռելու և շարունակելու է իր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Չի լռելու, քանի որ խոշտանգված նախնիների մասին հիշողությունները հանգիստ չեն տա սերունդներին» – եզրափակեց իր խոսքը նախարար Հրանուշ Հակոբյանը: