ԱՄՆ-ի օրենսդիրները բանաձև են ներկայացրել նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: Ինչպես գրում է «Ալ-Արաբիան», «վստահորեն կարելի է ասել` այս քայլը ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին կզայրացնի Թուրքիային»:
«Հայոց ցեղասպանության ճշմարտությունն ու արդարությունը» երկկուսակցական բանաձևին աջակցել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամ:
Բանաձևը կոչ է անում Օբամային օգնել կայունացնել հայ-թուրքական հարաբերությունները, որոնք «հիմնված կլինեն Թուրքիայի հանրապետության կողմից փաստերի ու դրանցից բխող բոլոր հետևանքների լիակատար ընդունման ու ընդդեմ մարդկության այդ հանցագործության վերաբերյալ համապարփակ բանաձևի վրա»:
Observer-ը նշում է, որ նախագահ Օբաման դեռևս չի օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով այդ ողբերգությունը, սակայն կոնգրեսմեն Բրադ Շերմանը նկատել է, որ Օբաման, ինչպես և ներկայիս ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը սենատոր եղած ժամանակ:
«Ժամանակն է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններին կատարել նույնը»,- ասել է Շերմանը:
Օրինագծի գլխավոր հովանավոր դեմոկրատ Ադամ Շիֆն ասել է, որ անվիճելի է` հայերը «դիտավորյալ կերպով սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»:
Հանրապետական Ռոբերտ Դոլդը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է հայտարարի, որ չի հանդուրժի «ցանկացած պետության, որը թաքնվում է ռազմատենչ մարտավարության հետևում՝ կոծկելու համար մարդու իրավունքների ոտնահարումը»: