Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հաստատել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը և հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը:
Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ստեղծվում է մեկ միասնական մարմին և մեկ միասնական բողոքարկման հանձնաժողով, որն էլ ընդգրկում է հարկային և մաքսային ոլորտները:
«Ըստ ընդունված կարգի` այս օրենքը քննարկվել է տեսչական բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը գլխավորում է ՀՀ վարչապետը, և միաձայն հավանություն է ստացել: Միայն մեկ առաջարկ կար, որ ֆինանսների նախարարության հանձնաժողովի անդամը հետագայում դատական նիստերի ներկայացվի, և այդ առաջարկն ընդունվել է»,- հայտնեց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ վարչապետը կորոշի, թե ով մասնակցի դատական նիստերին, և հավելեց. «Պարտադիր չի, որ լինի հանձնաժղովի անդամ, մեր պայմանավորվածությունը հիշեք: Վարչապետը կորոշի՝ ով է մասնակցում»:
«Հանձնաժողովը որոշում է, թե ով է մասնակցում», – նշեց Կարեն Ճշմարիտյանը:
«Ո՛չ, վարչապետն է որոշում»- հակադարձեց Աբրահամյանը: