Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին և նշեց, թե ողջունում է, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումներում ներգրավվել են տարբեր քաղաքական ուժեր: Նրա խոսքով` առանց քաղաքական ուժերի հետ քննարկումների` սահմանադրական փոփոխությունները հաշվի առնելը ճիշտ չի լինի:
«Կարծում եմ, որ առաջիկայում Սահմանադրության ձևաչափի մեջ կարտահայտվեն տարբեր քաղաքական ուժերի հնչեցրած առաջարկները: Մինչև քննարկումներ կազմակերպելը Սերժ Սարգսյանը բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կարծիքները լսեց: Քաղաքական ուժերը կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել մինչև մայիսի 5-ը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի` քննարկումներին չմասնակցելու հանգամանքին, նա նշեց, թե այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են բարեփոխումները, իրենց քննադատություններով ևս մասնակցություն են ունենում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Վերջինս նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, պատգամավորների թիվը խորհրդարանում կնվազի: