ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՂԲԱՆՈՑ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր շենքի բակը հին ավտոշուկա է հիշեցնում: Ինչ չափի ու կարգի ասես մեքենայի կմախք է թափած: Բացում ես պատուհանը, որ օդ շնչես, տհաճ զգացողություն ես ունենում, ամբողջ տեսադաշտովդ մեկ մետաղի ջարդոն է: Էդ զիբիլն ո՞վ է թույլ տվել դիզել այդտեղ, հո մեր երկիրն ավտոյի աղբանո՞ց չէե,-“Ժողովուրդ”-ին իր դժգոհությունն է հայտնում 16-րդ թաղամասի 46 շենքի բնակչուհի Թամարա Վասիլյանը:
Մեր երկրում հնամաշ մեքենաների ներկրումը նորույթ չէ: Մաքսային բարձրարժեք ապրանքների շարքում ավտոմեքենաների ներկրումը զբաղեցնում է երրորդ տեղը: Այն զիջում է միայն էներգակիրներին եւ նավթամթերքին: Գաղտնիք չէ, որ Վրաստանը Հայաստան ներկրվող ավտոմեքենաների գրեթե միակ ճանապարհն է: ՀՀ քաղաքացիները բավական ցածր գներով հարեւան հանրապետությունից գնում են ավտոմեքենաներ, որոնց տարիքը գերազանցում է 10 տարին:
Հին մեքենաների ձեռքբերմանը նախապատվություն տալու մեկ այլ հանգամանք էլ ՀՀ մաքսային քաղաքականությունն է: Այսօր, ըստ մաքսային կարգի, մինչեւ 5 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչեւ տասը տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, իսկ 15 տարուց հներինը՝ 52%-ը: Ըստ ՊԵԿ վիճակագրության՝ անցած տարի Հայաստան ներկրված 29,4 հազ. ավտոմեքենաների 55%-ի մաքսային արժեքը եղել է մինչեւ 5 հազ. դոլար, այն դեպքում, երբ 2008թ. եւ 2009թ. այդ մեքենաների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմում էր համապատասխանաբար 25% եւ 33%:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ համեմատած, մոտ 850 ավտոտրանսպորտային միջոց պակաս է ներմուծվել: Հունվար-մարտ ամիսներին հանրապետություն ներմուծված 6 հազ. ավտոմեքենաների մաքսային արժեքը կազմել է 8 մլրդ 179 մլն դրամ, այսինքն` 1 ավտոմեքենայի հաշվով` 1 մլն 192 հազար դրամ: 2011թ. հունվար-մարտին մեկ ավտոմեքենայի մասով այն կազմել է միջինը 1 մլն 71 հազար դրամ: Այսինքն` 1 ավտոմեքենայի հաշվով մաքսային արժեքի աճը մոտ  300 դոլարի սահմաններում է: Իրականում ներմուծվող ավտոմեքենաների մեջ աստիճանաբար ավելանում է մաքսային ցածր արժեք ունեցող, հնամաշ ավտոմեքենաների թիվը: 2008թ. մեկ ավտոմեքենայի մաքսազերծումից բյուջե է ուղղվել 1,11 մլն, 2009թ.՝ 1,18 մլն, 2010թ.՝ 1,14 մլն, իսկ 2011թ.՝ 1,1 մլն դրամ:
“Վրաստանում ցածր է ոչ միայն ավտոմեքենաների մաքսազերծման տուրքը, այլեւ “հին” ավտոմեքենաների ներկրման կանխարգելիչ տուրքը: Եթե Վրաստանում մաքսազերծման ժամանակ հաշվի են առնվում արտադրության տարեթիվը եւ շարժիչի հզորությունը, ապա Հայաստանում՝ միայն տարեթիվը եւ արժեքը”,-ասում է “”Աքիլլես” ավտովարորդների պաշտպանության կենտրոն” ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում մաքսազերծումը 3-5 անգամ “թանկ է նստում”, քան Վրաստանում, որի պատճառով էլ ՀՀ քաղաքացիները գերադասում են թեկուզ հին, բայց համեմատաբար էժան մեքենաներ գնել: Կախված մեքենայի գնից՝ ՀՀ-ում ավտոմեքենայի մաքսազերծման, գրանցման, պետհամարանիշի ձեռքբերման համար պետք է մուծել 1500-ից մինչեւ 5000 դոլար:
Եթե ՀՀ քաղաքացին ցանկանա գնել “երիտասարդ” մեքենա, ապա ստիպված կլինի ավել վճարել նախ` ավտոմեքենան գնելիս, ապա կրկնակի ավելի՝ այն մաքսազերծելիս: ՊԵԿ-ի այս քաղաքականությունը ենթադրում է նաեւ ավտոմեքենաների բիզնեսում ստվերային մուտքերի բացահայտում, ինչպես նաեւ ներքին շուկայի կարգավորում: ՀՀ քաղաքացիները նպատակահարմար են գտնում մեքենա գնել ոչ մասնագիտացված կազմակերպություններից, քանի որ, ըստ որոշ վարորդների, այսպես տնտեսապես առավել շահավետ է:
“Ավտոսալոններում վաճառվում են բացառապես նոր եւ բավական թանկ ավտոմեքենաներ: Ամոթ չի լինի ասել, որ որքան էլ երազեմ, չեմ կարա առնեմ: Էդքան փող մեզ՝ աշխատավարձով ապրողներիս, որտեղի՞ց: Սալոններն օլիգարխների սեփականն են ու իրենց նմաների համար են նախատեսված: Ավելի լավ է գնամ, Վրաստանից բերեմ, համեմատաբար էժան կլինի՝ չնայած ռաստամոժկեն թանկ է նստում”,-ասում է երեւանաբնակ վարորդ 40-ամյա Կարեն Վարդգեսյանը:
Վերը ներկայացվածից կարելի է եզրակացնել, թե ինչու է մեր երկիրը դարձել հին մեքենաների հավաքատեղի: Ավելացնենք, որ դրանք Հայաստան են ներկրվում նաեւ ավտոմասերն առանձնացնելու եւ վաճառելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս