Արմավիր մարզի Նոր Արմավիր համայնքի միակ դպրոցում աղմկալի դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ոստիկանություն են հրավիրվել դպրոցի նախկին եւ ներկա տնօրենները:
Եվ այսպես՝ որտեղից է սկսվել դպրոցի իրարանցումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Նոր Արմավիր համայնքի պահակ, ինչպես նաեւ տնտեսվար Խաչատուր Սարգսյանին հրավիրել են ոստիկանություն: Բանն այն, որ դպրոցի ուսուցիչներից մեկը նկատել է, թե ինչպես պահակ-տնտեսվար Խաչատուրը երեկոյան ուշ ժամի դպրոցի գույքը դպրոցից դուրս է հանել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պահակի այդ գործողությունները նկատել է նաեւ դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանի ամուսինը: Վերջիններս պահակի ապօրինի գործողությունների մասին տեղյակ են պահել ոստիկանությանը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց դպրոցի նախկին տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ: Վերջինս պատմեց, որ մեկ ամիս առաջ իրեն ազատել են դպրոցի տնօրենի պաշտոնից. «Խաչատուր Սարգսյանը մեր դպրոցի տնտեսվարն էր, իսկ մի փոքր ուշ նրան նաեւ պահակի աշխատանք տվեցին: Խաչատուրը սկսեց պահակի սենյակը վերանորոգել եւ իր բնակարանից շկաֆ, տմբուշկա էր բերել: Ավելի ուշ, երբ պահակի սենյակի վերանորոգումը վերջացրեց, իր տան տմբուշկան ու շկաֆը ցանկացել է հետ տանել իր տուն: Ինձ հասած տեղեկություններով՝ մեր դպրոցի նորանշանակ տնօրենի՝ Հերիքնազ Հարությունյանի ամուսինը եւ ուսուցիչներից մեկը երեկոյան գնացել են դպրոցի տարածք եւ տեսել են, թե ինչպես է Խաչատուրը գույքը հանում դպրոցից: Բայց պարզվում է՝ դա դպրոցի գույքը չէ: Հիմա չգիտեմ՝ Խաչատուրն այլ բան տարե՞լ է դպրոցից, թե՞ ոչ, բայց պետք է ասեմ, որ ես 25 տարի աշխատել եմ նրա հետ եւ չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին»:
Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենի արդյունքում իրեն եւս, որպես դպրոցի նախկին տնօրեն, հրավիրել են ոստիկանություն. «Չգիտեմ՝ ինչի համար են կանչել, երեւի ուզում են հասկանալ, թե իմ ղեկավարման տարիներին տարօրինակ բան նկատել եմ, կամ արդյո՞ք գողացված ապրանքը դպրոցինն է, թե ոչ, գնամ, կտեսնեմ»:
Նշենք, որ Վաչիկ Կարապետյանին եւս պատահական չեն հեռացրել դպրոցի տնօրենի պաշտոնից: Ինչպես պատմեց մեր զրուցակիցը՝ դպրոցից Արմավիրի մարզպետարան բողոք է ներկայացվել, որ տնօրենը կոծկում է աշխատակիցներից մեկի բացակայությունը.«Ասել էին՝ ուսուցիչը բացակա է եղել, Կարապետյանը ներկա է գրել: Դե, ես պետք է թոշակի գնայի, տեսա, որ անախորժ վիճակ է ստեղծվում, շտապ դիմում տվեցի ու ազատվեցի պաշտոնից, որ անախորժություն չլինի»:
Ինչեւէ, զրուցեցինք նաեւ դպրոցի ներկայիս տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ: Վերջինս ասաց, որ դպրոցի նախկին տնօրենի հետ իրեն եւս հրավիրել են ոստիկանություն. «Մենք պարզել ենք, որ պահակը դպրոցից տարել է իր սեփական գույքը, այլ ոչ թե դպրոցի գույքը, բայց չգիտեմ, թե ով գնացել եւ ոստիկանությունում այլ բան է ներկայացրել, սա թյուրիմացություն է: Ավելին, ես էի պահակ Խաչատուր Սարգսյանին հանձնարարել, որ իր գույքը հանի դպրոցից, որպեսզի մենք մեր գույքը հաշվենք»:
Քնար Մանուկյան